ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՄԻՊ-ի աջակցությամբ զինվոր է վիրահատվել, պատերազմից հետո էր առողջական վիճակը վատթարացել

ՄԻՊ-ի աջակցությամբ զինվոր է վիրահատվել, պատերազմից հետո էր առողջական վիճակը վատթարացել

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը որդու առողջական բոլոր խնդիրների կապակցությամբ բժշկական հետազոտություններ ու բուժում տրամադրելուն աջակցելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ–ը։

«Զինվորի մայրը դիմումով նշել է, որ իր որդին 2020 թվականի ամառային զորակոչին բժշկական հետազոտությունների ու փորձաքննության հիման վրա սահմանափակումով պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար եւ զորակոչվել ՀՀ զինված ուժեր:

Դիմումատուն նշել է, որ որդին ունի առողջական մի շարք խնդիրներ: Ըստ դիմումատուի՝ առողջական խնդիրների կապակցությամբ որդուն վիրահատություն իրականացնելու ցուցում է տրվել, սակայն մարտական գործողություններ սկսվելու պատճառով վիրահատությունը չի իրականացվել:

Բողոք ներկայացրած անձի պնդմամբ մարտական գործողություններին մասնակցելուց հետո որդու առողջական վիճակը վատթարացել է: Բացի այդ, որդին ունի բարձր ջերմություն, հազ, մշտական թուլություն: Դիմումատուի պնդմամբ՝ նշված առողջական խնդիրների կապակցությամբ ծառայության վայրում հնարավոր չէ զինվորին տրամադրել պատշաճ բժշկական օգնություն, քանի որ առկա չեն բժիշկ-մասնագետներ եւ համապատասխան գործիքակազմ:

Բողոքում բարձրացված հարցի կապակցությամբ պաշտպանը գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով ստուգել զինվորի ընթացիկ առողջական վիճակը, ստուգման արդյունքներով պայմանավորված՝ միջոցներ ձեռնարկել նրա առողջական բոլոր խնդիրների կապակցությամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու ու բուժում տրամադրելու ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ զինվորը մասնագիտական հետազոտման եւ բուժման նպատակով տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները եւ բժիշկ մասնագետների խորհրդատվությունները:

Արդյունքում, զինվորը վիրահատվել է»,– ասվում է հաղորդագրությունում։

 

  • Կիսվել: