չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մինչ այսօր դատախազությունը ներողություն չի խնդրել՝ հակասահմանադրական հոդվածով ինձ կալանքի տակ պահելու համար. Քոչարյան

Մինչ այսօր դատախազությունը ներողություն չի խնդրել՝ հակասահմանադրական հոդվածով ինձ կալանքի տակ պահելու համար. Քոչարյան

Մինչ այսօր դատախազությունն ներողություն չի խնդրել ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահից՝  հակասահմանադրական հոդվածով կալանքի տակ պահելու համար։ Այս մասին դատական նիստին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ դատական նիստին Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հաղթահարման օրենսդրական բացի հարցով դիմել ՍԴ։

Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց՝ Գևորգյանի անձեռնմխելիությամբ պայմանավորված կասեցնել գործի վարույթը ՝ մինչև Գևորգյանի անձեռնմխելիության հաղթահարումը կամ պատգամավորական մանդատի ավարտը, կամ դիմել ՍԴ։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել էր, թե ներկայացված միջնորդությունն ակնհայտ անհիմն է և դրա մեկնաբանությունները հակասում են քրեական ՀՀ դատավարության օրենսգրքին, Սահմանադրությանը, պաշտպանության կողմի մեկնաբանությունը հակասում է քրեական իրավունքին, գիտությանը, նաև՝ կրթությանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ 2018թ օգոստոս ամսին նույն դատական նիստերի դահլիճում ընթացել է առաջին դատական նիստը, որի արդյունքում որոշում է կայացվել իրեն կալանավորելու մասին, թեև հենց դատական նիստին բարձրացրել են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի իրավական որոշակիության խնդրի մասին։

«Ես երկու տարի անց եմ կացրել բանտում, որովհետև դատախազությունը չէր ցանկանում ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի անորոշության մասին, թեև ՀՀ-ում բոլոր հայտնի իրավաբանները հայտարարում էին այդ մասին։ Մենք բերում էինք նաև օտարերկրյա բավականին լուրջ, հեղինակավոր մասնագետների մեկնաբանությունները։ Նույնիսկ ՄԻԵԴ Մեծ պալատի որոշման մեջ նշվել է, որ չեն հասկացել հոդվածի էությունը, ենթադրում են, որ դա թարգմանության սխալ է, մինչդեռ, ճիշտ էր թարգմանված հոդվածը։

Պատկերացրեք, թե այդ հոդվածի հիմար ձևակերպումն ինչ աստիճանի էր, որ նրանք չհասկանալով մտածել են, որ դա թարգմանության խնդիր է։ Այդքանից հետո այստեղ խոսել ինչ-որ գիտելիքների, կրթվածության մասին, ուղղակի անիմաստ և ամոթ է։ Այս ամենի համար պատասխանատու է լինելու ՀՀ-ն, մինչ այսօր դատախազությունն ինձնից ներողություն չի խնդրել՝ հակասահմանադրական հոդվածով կալանքի տակ պահելու համար՝ ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահից»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ մի շարք բողոքներ կան ներկայացված և պատասխանատուն լինելու է ՀՀ-ն՝ բոլոր համապատասխան հետևանքներով։

Քոչարյանը նշեց, որ իրենց աչքի առաջ կա արդեն օրինակը և պետք է դասեր քաղել, չկրկնել նույն սխալները և եթե կան կասկածներ, պետք է դրանք փարատվեն։

Անդրադառնալով դատախազի պնդումներին, թե ստացվում է՝ ՀՀ-ում բոլոր մեղադրյալները կարող են ընդգրկվել ընտրական ցուցակներում և տրված հնարավորությունների սահմաններում գրանցվել որպես ԱԺ պատգամավորության թեկնածու, ապա բարձրաձայնել անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտության մասին՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դիրքորոշում հայտնեց առ այն, որ այսօր կամ մինչև ընտրությունները դատախազությունը և գործադիր իշխանությունը համատեղ քայլեր են ձեռնարկել՝ տասնյակ մարդկանց անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար և այդ մարդիկ, հետագայում ընտրվելով ԱԺ պատգամավոր, կաշկանդված լինեն իրենց գործունեության մեջ, ինչն այսօր տեղի է ունենում առնվազն երեք պատգամավորի մասով։

«Կարո՞ղ եմ ենթադրություն անել, որ դատախազությունն էլ հակառակն է արել և արդեն իրականացրել է։ Երեք պատգամավոր այսօր անազատության մեջ է»,- նշեց նա՝ հավելելով, որ քննարկվում է սահմանադրական իրավունքին, այլ ոչ թե՝ քրեական իրավունքին առնչվող հարցեր։

Արմեն Գևորգյանի խոսքով՝ իր սահմանադրական մանդատը ենթադրում է, որ ինքը պետք է այսօր լիներ ԱԺ-ում, հարցեր ուղղեր կառավարության ներկայացուցչին և չի բացառում, որ կարող է չմասնակցել նաև մտքերի փոխանակմանը, քանի որ մասնակցում է դատական նիստին, ուստի ստացվում է, որ սահմանադրական իրավադրույթը, որ ԱԺ պատգամավորը ներկայացնում է ողջ ժողովրդին, կոնկրետ իր մասով չի գործում։

Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը որոշեց Գևորգյանի անձեռնմխելիությամբ պայմանավորված գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունների լուծումը հետաձգել։

Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

  • Կիսվել: