հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԻԵԴ-ը Վարդան Մինասյանի գործով հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը

ՄԻԵԴ-ը Վարդան Մինասյանի գործով հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Վարդան Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ: Այս մասին ավում է Մինասյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

2022թ. մարտի 4-ին դիմել ենք մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), խնդրելով՝ Վարդան Մինասյանի առողջական վիճակով պայմանավորված, ձեռնարկել միջանկյալ միջոց՝ Վ.Մինասյանի կալանավորումը փոխարինել առավել մեղմ խափանման միջոցով:
2022թ. մարտի 7-ին, այսինքն 3 օր անց, ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հարցեր է առաջադրել Վ.Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ:

Շուրջ 4 ամիս է, թե դատարանների և թե ՀՀ հակակոռուպիոն կոմիտեի առջև բարձրացնում ենք խնդիր առ այն, որ Վ.Մինասյանը տառապում է հիվանդություններով, որոնք ներառված են ՀՀ կառավարության N-825-Ն որոշմամբ հաստատված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների կողմնորոշիչ ցանկում, ուստի Վ.Մինասյանի նկատմամբ չի կարող որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Թե դատարանները և թե հակակոռուպցիոն կոմիտեն մինչ օրս անտեսում են վերը նշված հանգամանքը, ավելին՝ անգամ բժշկական փորձաքննություն չեն նշանակում պարզելու համար, թե արդյոք Վ.Մինասյանի առողջական վիճակով պայմանավորված վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կարող է կիրառվել, թե՝ ոչ:

Հատկանշական է այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը հրատապ կարգով՝ 3 օրում, արձագանքել է մեր գանգատին՝ մտահոգվելով Վ.Մինասյանի առողջությանն ու կյանքին սպառնացող իրական վտանգի առնչությամբ, սակայն ՀՀ դատարաններն ու հակակոռուպցիոն կոմիտեն շուրջ 4 ամիս է անտեսում են մեր միջնորդություններն ու փաստարկները Վ.Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ:

Կալանավորման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող Վարդան Մինասյանի տևական ազատազրկումը հանգեցրել է նրա առողջական վիճակի շարունակական վատթարացմանը: Ներկայումս էլ, Վարդան Մինասյանի մոտ առկա առողջական խնդիրները շարունակում են խորանալ՝ իրական վտանգ ստեղծելով նրա կյանքի համար: 

Լիահույս ենք, որ ՄԻԵԴ արձագանքը հայրենի իրավապահ մարմինների համար կունենա սթափեցնող նշանակություն և հրատապ կարգով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ Վարդան Մինասյանի կյանքին սպառնացող վտանգը վերացնելու և Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումը վերացնելու ուղղությամբ: 

  • Կիսվել: