հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար․ առնվազն 25 դատավոր կլինի․ «Ժողովուրդ»

Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար․ առնվազն 25 դատավոր կլինի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը:

Նախագծերի այս փաթեթով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, ընդ որում՝ նրանցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը: Սակայն փաթեթում տեղ գտած փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու, եւ նախագծերի ընդունման պարագայում բարեվարքություն կանցնեն նաեւ դատախազների թեկնածուները:

Այսպիսով, նախագծերի փաթեթով սահմանվել են Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ, մասնավորապես՝ հաշվի են առնվելու ստացած կարգապահական տույժերը: Միեւնույն ժամանակ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:

Ինչպես արդեն նշեցինք, բարեվարքության ուսումնասիրություն օրենքի ընդունումից հետո կանցնեն ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդները, այլեւ Վերաքննիչ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձինք եւ դատախազների թեկնածուները: Նկատենք, որ այս դատարանի ստեղծումը նախատեսված է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով:

Ավելին, նախագծի հետ մեկտեղ նախարարությունը ներկայացրել է նաեւ այն ծախսերը, որոնք նախատեսված են լինելու: Այսպիսով, 2021-2023 թվականների համար աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերը միասին կկազմեն 3 մլրդ 339 մլն 529 հազար դրամ, դատավորների տեխնիկական հագեցվածության համար՝ 198 մլն դրամ, տրանսպորտային հագեցվածության համար՝ 321 մլն դրամ, իսկ շենքային պայմանների համար՝ 2 մլրդ 800 մլն դրամ: Սա, իհարկե, նախնական հաշվարկներն են: Հավելենք, որ հանրային քննարկման ավարտի համար ժամկետ է նախատեսված օգոստոսի 15-ը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում։

 

  • Կիսվել: