Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Իշխան Սաղաթելյան
Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա մի քիչ ծիծաղելի հոդվածներով են եկել. Ինչ–որ վարույթի շրջանակներում խուզարկություն էին իրականացնում ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու ինչ–որ անհասկանալի բանով։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան իր տան խուզարկությանը։
«Բավականին մեծ խմբով շենքը շրջափակել էին։ Ծիծաղելի է այս ամեն ինչը։ Առգրավեցին տան զարդերը, կանխիկ գումար։
Սա վերջին տարիներին հերթական ապօրինի հետապնդումն է, հերթապան ապօրինի գործընթացն է։ ԴԱՀԿ–ին ներգրավել են այս պրոցեսի մեջ, ԴԱՀԿ–ն ինչ–որ ապօրինի պահանջներ է ներկայացրել, այդ շրջանակներում դիմել ենք վարչական դատարան զուտ իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում շատ արագ դատախազությունը գործ է հարուցել, ուղարկել է քննչական, որ վարույթ նախաձեռնեն»,–ասաց նա՝ հավելելով, որ գործը նոր է հարուցվել՝ վերջին մի քանի օրերին։
«Իրենք ապօրինի պահանջ են ներկայացրել, չնայած մենք ասել ենք, որ այս ամենը ապօրինի է, հերթական քաղաքական հետապնդումն է, սակայն մենք նույնիսկ այս պայմաններում չենք հրաժարվել, փորձել ենք նամակագրություն իրականացնել, պարզաբանումներ պահանջել։ Ամեն անգամ չեն կարողացել մեր տված հարցերին պատասխանել»,–ասաց նա։
Հարցին՝ սպասելի՞ էր այս ամենը, Իշխան Սաղաթելյանը ժպիտով արձագանքեց. «Ես սպասում էի, որ ավելի լուրջ գործերով կգան։ Օրինակ, ժամանակին սահմանադրական կարգի տապալման, զանգվածային անկարգությունների հոդվածներ էին դնում։
Ես, մեր ընտանիքի անդամները, նույնիսկ տան շունն էր իրեն ադեկվատ պահում։ Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք ու այս մեթոդներով որևէ հաջողության չենք հասնելու։
Այս պահին դեռ որչևէ կարգավիճակ չունեմ, բայց կարծում եմ՝ կունենամ, գուցե մեղադրյալի։ Այս պաին գործ է հարուցված, դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության։
Ինչպես ասում են՝ շնորքով ներխուժել են, օրենիք տառին համապատասխան»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահներն այսօր առավոտյան ժամը 8.00–ի սահմաններում խուզարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանը։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ բնակարանի խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չի հայտնաբերվել։ Հիմա էլ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ չնշելով, թե ինչ վարույթի մասին է խոսքը։



