Մեր երեխեքին փրկելը խաղուպար էր, Իշխան Վահանյանն ի՞նչ իրավունք ուներ անպատրաստ երեխեքին պատերազմ տանել. զոհվածի ծնող
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ մարտի 2-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվեց պատերազմում զոհված Հայկ Հարությունյանի հայրը՝ Հրանտիկ Հարությունյանը։
Նա պատմեց, որ որդին երկու ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը։ Հայկից ծնողները մինչեւ հոկտեմբերի 6–ը տեղեկություն չեն ունեցել։ Հրանտիկը ծանոթներից մեկի միջոցով ճշտել է, որ իր տղան հոկտեմբերի 5–ին եղել է Հադրութում, բայց չի հավատացել, որովհետեւ իմացել է, թե տղան ու մյուս զինծառայողները Ջաբրայիլում են։ Հոկտեմբերի 6–ի գիշերը, ժամը 2–ի սահմանում, Հայկը զանգել է հորը, կես ժամ զրուցել են, տղան հորը վստահեցրել է՝ ապահով տեղ են տարել։
«Մինչեւ ամսի 8–ը հետը խոսել եմ, ամսի 8–ից նորից կապը կտրվեց»,– պատմեց Հրանտիկ Հարությունյանը։
Հրանտիկը շարունակել է փնտրել տղային եւ միայն հոկտեմբերի 16–ին է նրան հաջողվել որդու զինծառայակիցներից սերժանտ Հարութ Բալասանյանի հետ կապվել։
«Հարցրին՝ Հարությունյանը Հայկը ձեզ հե՞տ է, ասաց՝ հա, իմ հետ ա, ասացին՝ կլինի երեխու հետ խոսե՞նք, հեռախոսն անջատեց։ Հետո նորից զանգեցի գումարտակի հրամանատարի տեղակալ Գարիկ Վարդերեսյանին ու իմացա, որ երեխեքը Վանք գյուղում շրջափակման մեջ են։ Դրանից հետո նորից զանգել եմ իրեն, ասել եմ՝ ի՞նչ է պետք, ծնողներն ի՞նչ կարող են անել, որ երեխեքին հանենք, ասաց՝ հոպար, լրիվ նորմալ է, մենք զբաղվում ենք։ Մինչեւ հոկտեմբերի 19–ը ես զանգել եմ ու նույն բանն էր ասում։ Ամսի 19–ին, բա՝ երեխեքը զանգել են, ուզեցել են դուրս գան, ճանապարհին ընկել են հրետակոծության տակ»,– պատմեց Հրանտիկ Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ նույնիսկ պատերազմից հետո ծնողները տեղեկություն չեն ունեցել իրենց որդիներից։ Հավաքվել են Պաշտպանության նախարարությունում, ամեն մեկն իր տղայի մասին գրավոր տեղեկություններ էտվել նախարարությանը ու այդպես մի քանի շաբաթ գնացել–եկել են։ Հետո նախարարությունն ինչ–որ հանձնաժողով է ստեղծե, որն ըստ Հրանտիկի՝ չի գործել։
«Դատախազին ասում եմ՝ ինչու չեք մեղավորներին ձերբակալում, եթե ուզում եք տեղեկություն իմանալ էդ գործի մասին, մտեք մեր տված տեղեկությունները կարդացեք ու իմացեք՝ ով է դավաճանել։ Մեր երեխեքին փրկելը խաղուպար էր, ի դեպ, դատարանին քննիչը խաբել է, ասել է, թե իբր էն 6 երեխեքին փրկել են Պաշտպանության նախարարությունը, բայց նրանց մենք ենք փրկել Ղարաբաղում, ՊՆ–ն ոչ մի բան չի արել»,– պատմեց Հրանտիկ Հարությունյանը։
Պատերազմում զոհված Հայկի հայրը պատմեց, որ ինքը հիվանդանոցում տեսակցել է փրկված զինծառայողներին։ Որդու նկարը ցույց է տվել, բայց նրան ասել են, թե իբր չեն ճանաչում Հայկին։
«Սուտ էին ասում, որովհետեւ մեզնից առաջ ԱԱԾ–ի քննիչը մտել էին իրենց մոտ ու ասել, որ ոչ մի բան չասեն մեզ։ Բայց երեխեքն ասել են՝ մեր ընկերները ողջ են, տղաներից մեկն ասել էր՝ հոպար, որ մենք բաժանվել ենք 8 հոգի մի խումբ է եղել, 6–ը մեկ այլ, 6 հոգի էլ մեկ ուրիշ։ Տղաներից մեկն ասում էր, որ մյուս տղաների խումբն ասել է՝ մենք վախենում ենք, չենք գալիս, մենք էլ եկել ենք էստեղ։ Իրենք հաստատ գիտեին, թե իրենց ընկերներին որտեղ էին թողնում, եթե զբաղվեին...ԱԱԾ–ն էլ չթողեց տղաները ինֆորմացիան մեզ ասեն։ Բայց մի շաբաթ հետո աներոջս տղան չերեզներով ճշտել էր, որ երեխեքը Ձորափ գյուղում անտառի մեջ են, եկել եմ Աշոտ Բալասանյանին ասել, որովհետեւ ինքն էր զբաղվում էդ գործերով, փոխարենն ինքը կազմակերպեր, որ երեխեքին փրկեին, ինքը խումբ վերցրեց, գնաց մոտակա գյուղերում ման եկավ, թուրքերը գլխի ընկան, որ ողջ երեխեք կան, հաջորդ օրը մեր երեխեքին խփեցին»,– պատմեց նա։
Հրանտիկ Հարությունյանը դիմելով գործով ամբաստանյալ Իշխան Վահանյանին, ասաց.
«Ինքը որեւե մեկին ներկայացրե՞լ է, որ իր երեխեքը պատրաստ են պատերազմին, կամ որեւէ մեկն իրեն հարցրե՞լ է դրա մասին։ Ինքն ի՞նչ իրավունք ուներ անպատրաստ երեխեքին տաներ պատերազմ։ Իմ երեխեն երկու ամսվա ծառայող էր, ինչի՞ համար պետք է գնար պատերազմ։ Իշխան Վահանյան, դու պատերազմից հետո որեւիցե մեկին զանգե՞լ ես, հետաքրքրվե՞լ ես քո անձնակազմով»։