ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման և լուծման գործընթաց

Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման և լուծման գործընթաց

2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի եւ մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 17-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Ինչպես հայտնում է ԱԺ պաշտոնական  կայքը, 2022 թվականին մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների իրականացման նոր, բաց մասնակցային գործընթացը, ձեւավորվել են սահմանադրական բարեփոխումների խորհուրդը եւ մասնագիտացված հանձնաժողովը:

Մեկնարկել է նաեւ նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման եւ լուծման գործընթացը: Անդրադարձ է կատարվելու տեղամասային կենտրոնների ընտրության, քվեարկության սենյակի կահավորվածության հարցերին, որպեսզի ավելի անխոչընդոտ իրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը: Նախատեսվելու է ընտրողների ժամանակավոր ցուցակներում ավելի արագ եւ ճկուն ընդգրկվելու հնարավորությունը: Կքննարկվի նաեւ տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկելու համար գործիքների նախատեսումը:

Ավարտվել են Հակակոռուպցիոն դատարանի ձեւավորման աշխատանքները: Ստեղծվել է նաեւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն ձեւավորվել են երկու առանձին` քաղաքացիական եւ վարչական պալատներ, ինչպես նաեւ ստեղծվել է նոր` հակակոռուպցիոն պալատը` ապահովելով հակակոռուպցիոն դատական եռաստիճան շղթան:

Բարձրացվել են Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը: Քայլեր են կատարվել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու ուղղությամբ եւ այլն:

Պատգամավորները հարցեր են ուղղել նախարար Գրիգոր Մինասյանին:  Զեմֆիրա Միրզոեւան հետաքրքրվել է, թե ինչու զեկույցում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերվող որեւէ դրույթ չկա: Պատգամավորի գնահատմամբ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված կա հետընթաց, քանի որ չկա առաջընթաց: Այս տեսակետի հետ չեն համաձայնել թե' արդարադատության նախարարը, թե' պատգամավորները` գործընկերոջը հորդորելով փաստեր ներկայացնել: «Ամենեւին համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ: Բացարձակ հետընթաց չկա: Իսկ եթե կա, խնդրում եմ փաստերով խոսել»,- ասել է Գրիգոր Մինասյանը: «Եթե չկա առաջընթաց, դա չի նշանակում, որ կա հետընթացե»,- ընդգծել է հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը` նկատելով, որ իշխանության եւ Կառավարության համար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են ե'ւ իրավունքների, ե'ւ պատասխանատվության առումով` անկախ ազգային, կրոնական եւ այլ պատկանելություններից, ինչպես սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ:

Զեմֆիրա Միրզոեւայի հնչեցրած տեսակետը չեն կիսել նաեւ հանձնաժողովի անդամներ Կնյազ Հասանովը եւ Ռուստամ Բաքոյանը, որոնք նույնպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ոլորտում կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Որպես խնդիր` պատգամավորը, մասնավորապես, նշել է եզդիերենի ուսուցիչների պակասը: «Մեր Կառավարությունն ունի բավարար կամք` լսելու եւ խնդիրներին լուծումներ տալու, այստեղ մենք անելիք ունենք»,- շեշտել է Ռուստամ Բաքոյանը:

Եզրափակիչ խոսքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների ծրագիրը, որում անկյունաքարային է ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունումը: Նախագիծն Արդարադատության նախարարությունը մշակել է, այն գրեթե պատրաստ է: Նախարարը ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւային առաջարկել է համագործակցել նախագծի լավարկման շուրջ:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

  • Կիսվել: