հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Համատեղ ջանքերով կարող ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում բացառված կլինի. ՄԻՊ

Համատեղ ջանքերով կարող ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում բացառված կլինի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման հարցերը։

Պաշտպանի կողմից հրապարակված տարեկան և արտահերթ զեկույցներում բազմիցս բարձրաձայնվել է ինչպես կանխարգելման ուղղությամբ համակարգային բարեփոխումների անհրաժեշտության, այնպես էլ խոշտանգումների հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման և վերապրածներին աջակցության մեխանիզմների բացակայության խնդրի մասին։

Այսօր առավել քան ակնհայտ է խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքների համար համապարփակ աջակցության՝ հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների անհրաժեշտությունը։

Նման աջակցությունը պետք է լինի շարունակական, ամբողջական և պետության կողմից երաշխավորված։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար ստանում է ահազանգեր և դիմումներ, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերին՝ քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում և նախաքննական մարմիններում։ Այդ ուղղությամբ պետք է ձեռնարկվեն հստակ քայլեր` նման դեպքերը կանխարգելելու և գործերով պատշաճ քննություն իրականացնելու նպատակով։

Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ, ապահովել նման դեպքերին արագ և համարժեք արձագանք, իրականացնել արդյունավետ, անկախ և թափանցիկ քննություն՝ իրականությունը բացահայտելու և մեղավոր անձանց պատժելու նպատակով։

Այս ուղղությամբ առկա խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն։

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով մենք կարող ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում բացառված կլինի։

Սա ոչ միայն իրավական պահանջ է, այլ քաղաքակրթական ընտրություն, որը պետք է ընկած լինի ժամանակակից իրավական պետության հիմքում»:

  • Կիսվել: