ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը

ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը

ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում պետք է առաջադրի թեկնածուների հաջորդ եռյակին:

 Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ կանոնակարգ օրենքի համաձայն, եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

«Սակայն, քանի որ մենք որևէ թեկնածու չունենք, որը ձայն է ստացել, այս դեպքում երկրորդ փուլ չի կարող լինել՝ ըստ կանոնակարգի: Եվ հարցը ԲԴԽ-ի դաշտում է, ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում պետք է առաջադրի թեկնածուների հաջորդ եռյակին»,-հայտարարեց Հակոբ Արշակյանը:

  • Կիսվել: