շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտի 3-ը գրողների միջազգային օրն է

Մարտի 3-ը գրողների միջազգային օրն է

Գեղարվեստական խոսքը ժողովրդի հոգու գեղեցկության ծածանումն է:

Օրվա առթիվ այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել  է Արցախի գրական ընտանիքի նահապետ, բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը։ 

«Աշխարհի բոլոր ժողովուրդների հազարամյա պատմության մեջ ընդգծվել է մի հավերժական նշանակություն ունեցող գաղափար, որ ժողովրդի պատմությունը պետք է գրի առնվի, որ ժողովրդի հոգու աշխարհը պետք է գեղարվեստական խոսքի միջոցով սերունդներին  ներկայացվի: Այս առումով, իհարկե, առաջին հերթին մեծ աշխատանք պետք է կատարեն գրողները։ Գրող լինել նշանակում է ունենալ աստվածային շնորհ, Հովհաննես Թումանյանը ասում էր, որ երբ նստում է գրելու, կարծես տիեզերական ձայն է լսում՝ ինչպես սկսել, ինչպես ավարտել: Դրանով նա ընդգծել է այն հանգամանքը, որ գրողը, այո՛, ժողովրդի պատմությունը գեղարվեստական հնարանքներով ներկայացնողն է, ուստի լինել գրող  նշանակում է դառնալ Աստծո քարտուղարը:

Нет описания.
Եթե մեր իրականության մեջ եղած չլինեին Խորենացին, Նարեկացին և Չարենցը, Պարույր Սևակը, կմոռացվեինք որպես ժողովուրդ:

Ինչ վերաբերում է Արցախի գրական ընտանիքին, ապա խոր ցավով պիտի նշեմ, որ մենք մեծ կորուստ ունեցանք.  կյանքից հեռացավ Արցախի գրողների միության տաղանդավոր ներկայացուցիչը՝ Վարդան Հակոբյանը, ով  այնպիսի գրական ժառանգություն է թողել, որն ապրելու է դարեդար:

Մահվանից  3 օր առաջ, մեր  հանդիպմանն ասաց, որ պետք է աշխատենք, նոր գործեր գրենք:

Շատ ցանկալի է, որ մեր սերունդները շարունակեն այն գործը, որ թողել է Վարդան Հակոբյանի։

Մենք՝ հայերս, ունեցել ենք, ունենք և ունենալու ենք այնպիսի գեղարվեստական խոսք, որի մեջ հավերջ է ծածանվելու ծիածանը»- համոզմունք է հայտնել  Ս. Խանյանը:

Բանաստեղծ, արձակագիր, Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը Մարտի 3-ը գրողի մեծարման միջազգային օրն է: 

Нет описания.
«Երբեմն ինչ որ բան մեծարելով… նվաստացնում ենք, որովհետև նույնացնում ենք մեծարման և նվաստացման հիմքերը:

Բայց եթե ինչ-որ տեղ որոշել են գրողին իրապես մեծարել, ուրեմն դա պետք է:

Կա մի խավ, որը ցավի մասին միշտ գեղարվեստորեն է խոսում. գեղարվեստն ընկալվում է, ցավը՝ ոչ:

Իսկ եթե ցավը չի ընկալվում, ուրեմն ամեն ինչ ոչինչ է:

Շնորհավոր գրողներիս «գաղտնի» տոնը»-ասել է Կ. Գաբրիելյանը։

  • Կիսվել: