երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործը մոտենում է ավարտին. կինը հանդես է գալիս ճառով. ուղիղ

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործը մոտենում է ավարտին. կինը հանդես է գալիս ճառով. ուղիղ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ընթանում է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ գործը մոտենում է ավարտին։ Այսօր ճառով է հանդես գալիս Նազիկ Ամիրյանը։

Հիշեցնենք, որ հանրային մեղադրողը հրապարակել է մեղադրական ճառը՝ պահանջելով մեղավոր ճանաչել Մանվել Գրիգորյանին իրեն առաջադրված մեղադրանքներում, իսկ նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։

Նախորդ նիստին ճառով է հանդես եկել նաև պաշտպան Գուրգեն Գրիգորյանը՝ պահանջելով հետմահու արդարացնել Գրիգորյանին՝ մեղսագրվող արարքում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրա և իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում էր 2019թ-ից, Մանվել Գրիգորյանը շուրջ երկու տարի գտնվել է կալանքի տակ, թեև պաշտպանները մշտապես բարձրաձայնում էին Գրիգորյանի՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների, արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտության մասին, իսկ դատական նիստերն ընթանում էին առանց նրա մասնակցության, քանի որ վերջինս ի վիճակի չէր լինում մասնակցել նիստերին։

Տևական ժամանակ կալանքի տակ գտնվելուց հետո, ի վերջո, երբ արդեն Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, դատախազության նախաձեռնությամբ հրատապ նիստ է հրավիրվել և քննարկվել է Գրիգորյանի առողջական վիճակի հիմքով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու հարցը։ Դատարանը 2020թ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ, որից հետո, սակայն, Գրիգորյանը երկար չապրեց։ 2020թ․ նոյեմբերի 19-ին Մանվել Գրիգորյանը մահացավ։

  • Կիսվել: