չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռազմավարական պաշարների վերահսկողությունը կխստացվի

Ռազմավարական պաշարների վերահսկողությունը կխստացվի

Կազմակերպությունների կողմից կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ սահմանված ժամկետներում և ձևաչափով հաշվետվություն չներկայացնելու դեպքում ներքին գործերի նախարարությունն առաջարկում է տուգանքներ սահմանել: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը ներկայացնելիս:

Ըստ Համբարյանի՝ Կառավարարության՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ սահմանվել է, որ կազմակերպությունները հաշվետու տարվա յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը լիազոր մարմնին են ներկայացնում հաշվետվություն կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ: Մինչդեռ սահմանված ժամկետներում և ձևաչափով հաշվետվություն չներկայացնելու դեպքում կազմակերպությունների համար գործող օրենսդրությամբ պատասխանատվության մեխանիզմներ սահմանված չեն հստակ, որի արդյունքում լիազոր մարմինը զրկվում է ռազմավարական պաշարների նյութական պահուստի ապրանքների մնացորդի և շարժի մասին համակարգված և հավաստի տեղեկություններ ունենալու հնարավորությունից:

«Ներկայացվող փաթեթով վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով տուգանքներ են նախատեսվում սահմանված ժամկետում հաշվետվությունները չներկայացնելու, պաշարների պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին և սահմանված որակական հատկանիշներին համապատասխանող ապրանքներ չամբարելու, պահպանման սահմանված ժամկետը լրացած ապրանքները չփոխարինելու, կուտակման ենթակա ապրանքները չկուտակելու, պաշարների պահուստի պակասորդի, ինքնակամ օգտագործված ապրանքները նյութական պահուստում չվերականգնելու առումներով»,- ասաց նախարարի տեղակալը:

Նաև ներկայումս ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպություններն իրենց կուտակած պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են թղթային եղանակով, ինչը լիազոր մարմնի կողմից վերահսկման տեսանկյունից դժվարություններ է առաջացնում: Ուստի որպեսզի ռազմավարական պաշարների նյութական պահուստի արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից հաշվետվությունների թղթային եղանակով գործընթացն ավելի դյուրին, վերահսկելի և արդյունավետ կազմակերպվի, առաջարկվում է դրանք ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

  • Կիսվել: