չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Վթարի է ենթարկվել Մարաթուկ լեռան հայկական եկեղեցին վերականգնելու համար այնտեղ ուղևորված մասնագետներով լի ավտոմեքենան․ կան զոհեր

Վթարի է ենթարկվել Մարաթուկ լեռան հայկական եկեղեցին վերականգնելու համար այնտեղ ուղևորված մասնագետներով լի ավտոմեքենան․ կան զոհեր

Ներկայիս Բաթմանի Սասուն գավառում գտնվող Մարաթուկ (Մարութա) լեռան վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնելու նպատակով մասնագետներ են ուղևորվել այնտեղ։ Մասնագետներով լի ավտոմեքենան, որում գտնվել է նաև Բաթմանի թանգարանի տնօրեն Մեհմեդ Ջաբիր Ալփերը, դուրս է եկել վերահսկողությունից և անդունդ գլորվել։ Ավտովթարի հետևանքով մեքենայում գտնված բոլոր 5 հոգին էլ զոհվել են։

Այդ մասին հայտնում է www.akunq.net –ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթի կայքէջում հրապարակված լուրը։

Աղբյուրի համաձայն՝ վթարը տեղի է ունեցել կեսօրից հետո, Մարաթուկ լեռան ճանապարհին։ Անդունդ գլորված ավտոմեքենան նկատել են տեղի գյուղացիները և շտապօգնության մեքենա ու ոստիկանություն կանչել։ Ավտոմեքենայում գտնված 5 հոգուց 4-ը տեղում է մահացել, իսկ մեկը ծանր վիրավորված է եղել․ թեև վերջինիս հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել։

Այդ պատվիրակությունը բաղկացած էր էքսպերտներից, ում նշանակել էին, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն եկեղեցու վերականգնման ընթացքում ներկայացված առարկության հավաստիության վերաբերյալ։

  • Կիսվել: