Եկեք քիչ խոսենք, որովհետև քիչ բան գիտենք Հայաստանում քաղաքական շարժումների, ընթացքի, նպատակների մասին. Պոլսո Պատրիարք
Ինչպե՞ս կլինի հայ առաքելական եկեղեցին և պետականությունը բախում ունենան. Կարելի բա՞ն է սա։ Այս մասին հայտարարել է Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը։
Նա անեկդոտ պատմեց այս թեմայով. «Երկու եղբայր ապրում են նույն լեռան տարբեր գյուղերի մեջ։ Եղբայրներից մեկը առավոտյան արթնանում է, ուզում է մյուս գյուղի մեջ եղած եղբորը տեսնի, բայց դրա համար լեռը պետք է անցնի։ Լեռան ճամփաներով քայլելիս մեծ մշուշ է իջնում, մեկ էլ հեռվից տեսնում է գազանի ստվեր։ Կամաց–կամաց ձեռքը զենքին է տանում, հետո երբ մոտենում է, տեսնում է, որ եկողը մարդ է, բայց զենք ունի, ավազա՞կ է արդյոք։ Զենքը հանում է, տեսնում է, որ դիմացինն էլ զենքը պիտի հանի ու պիտի կրակի։ Վերջին պահին ձայնում է՝ ո՞վ ես։ Դիմացինը պատասխանում է՝ եղբայրս, ես եմ։ Ձայնը ճանաչում է, մոտենում, ողջագուրվում են, կհասկանան, որ ոչ թե թշնամի են, ոչ թե գազան են, այլ եղբայրներ են։ Բայց մշուշը եղբայրներին որպես թշնամի է ցույց տալիս։
Հայաստանի վիճակը ես այսպես եմ տեսնում, որ մշուշ կա, հատկապես 44 օրվա պատերազմից հետո այնպիսի մշուշ իջավ մեր ազգին վրա, որ աչք աչքի չի տեսնում, հայը հային թշնամին է դարձել, հայը հայուն ամբաստանում է, ամեն մարդ ամեն տեղ դավաճան է տեսնում, ամեն մարդ բոլոր կործանումների համար մեկ մարդուն պատասխանատու գտնել է ուզում։
Այդպես չէ, մշուշն է այդպես ցույց տալիս։ Ինչպես կլինի Հայ առաքելական եկեղեցին և պետականությունը բախում ունենան։ Սա մտածված բա՞ն է։ Երբ որ պետություն չկար, մենք հազարամյակներ աղոթեցինք, որ Աստված պետականություն շնորհի հայ ազգին։ Հետևաբար, սիրելիներ, պետք է աղոթենք և խնդրեմ քիչ խոսենք, որովհետև քիչ գիտենք մենք դեպքերի մասին, քիչ գիտենք այդ քաղաքական շարժումների, ընթացքի, նպատակների մասին։
Մենք սփյուռքի մեջ պետք է աղոթենք, որպեսզի Քրիստոսը շարժման անցնի։ Այնպես որ ես իմ աղոթքները կուղղեմ մեր հայրենիքի բարօրության համար, անդորրության համար և ձեր բոլոր աղոթքները հավաքեմ, խաղաղություն թող լինի։ Աստված մեզ այդ իմաստությունը տա, հայի աչքերում մենք տեսնենք եղբայրը և քույրը»։