շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խորհրդարանը շարունակել է նշանակված տուգանքների նվազեցմանն ուղղված փաթեթի քննարկումը

Խորհրդարանը շարունակել է նշանակված տուգանքների նվազեցմանն ուղղված փաթեթի քննարկումը

Ազգային ժողովը փետրվարի 7-ին շարունակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ կից օրենսդրական փաթեթով, որով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների նվազեցմանը, վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը: Հղումն այստեղ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել փաթեթին:

Ելույթ ունեցող պատգամավորները տարբեր տեսանկյուններից կարեւորել են առաջարկվող փոփոխությունները, նաեւ ներկայացրել առաջարկներ եւ դիտողություններ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորն անդրադարձել է գործընկերների դիտողություններին, տվել պարզաբանումներ: «Նախագծի կարեւորությունը նրանում չէ միայն, որ քաղաքացին ավելի քիչ է վճարելու: Այս նախագծի կարեւորությունը նրանում է, որ պետական համապատասխան ռեսուրսները շատ ավելի արդյունավետ կարող ենք օգտագործել: Մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք վերաբերում են յուրաքանչյուրին»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:

  • Կիսվել: