երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է հերթական նիստերի ընթացքում քննարկված հարցերը

Խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է հերթական նիստերի ընթացքում քննարկված հարցերը

Ազգային ժողովը հունվարի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ ավարտել պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումների՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Երկրորդ ընթերցմամբ են քննարկվել նաեւ «Ներքին աուդիտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք մանրամասնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նախատեսվել է, որ պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը եւ ներքին աուդիտորները հանրային ծառայողներ են: «Ներքին աուդիտի մասին» օրենքով կա սահմանափակում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին նշանակելու հարցումգ չի կարող նշանակվել այն անձը, որը վերջին երկու տարում զբաղեցրել է ստորաբաժանման ղեկավարի պաշտոն: Առաջարկվում է այս ժամկետը կրճատել մինչեւ մեկ տարի ժամկետով:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Էդգար Հակոբյանը:

Արթուր Մանուկյանը խորհրդարանին է ներկայացրել նաեւ Հարկային օրենսգրքում եւ «Սնանկության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցնող փոփոխություններ են կատարվել: Հարկային օրենսգրքի կարգավորումները համապատասխանեցվում են «Սնանկության մասին» օրենքով սահմանված այն կարգավորումներին, որոնք վերաբերում են սնանկության վարույթի եւ սնանկության վտանգի վարույթի ընթացքում ու դրանից առաջ առաջացող հարկային պարտավորությունների հաշվառմանը: «Սնանկության մասին» օրենքում կատարվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների կարգավորմանը:

Լիլիթ Մինասյանը բարձրաձայնել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով էլ առաջարկվում է օրենսգրքում ուժը կորցրած ճանաչել հարկի վճարման ժամկետներն ուշացնելու համար վարչական պատասխանատվություն կիրառող հոդվածը: Հարկային եւ մաքսային մարմինների կողմից քննության ենթակա բոլոր հոդվածների մասով վարչական վարույթները 2024 թվականի փետրվարի մեկից կիրականացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ստացվել: Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական է եղել. տեղեկացրել է Հովիկ Աղազարյանը:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է հերթական նիստի ընթացքում քննարկված հարցերը:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով:

  • Կիսվել: