երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խորհրդարանն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը

Խորհրդարանն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը

 

Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումներ: Նախագծով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները:  Թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում: Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել:

Ըստ նախագծի հիմնավորման՝ կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, անգամ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող: Նախագիծը ներկայացրած արդարադատության նախարարությունը մատնանշել է առաջադեմ երկրների փորձը, որտեղ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ:

Արդարադատության փոխնախարար, նախագիծը զեկուցող Արմենուհի Հարությունյանը նախագծի առնչությամբ ասել է, որ առավելապես խորհրդային ժառանգություն հանդիսացող կոչումներից ժամանակն է հրաժարվել, քանի որ «ժողովրդականություն» հասկացությունը չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չէ, ինչի պատճառով ակնհայտ է, որ որևէ ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի և կամ գործունեության հանրային ընկալումը չի կարող ստուգվել կամ չափվել, ոչ էլ վավերացվել կամ մերժվել պետական որևէ մարմնի կողմից:

Նախարարությունից վստահեցնում են՝ պատվավոր կոչումների չեղարկումը չի նշանակում, որ պետությունը դադարելու է որևէ մեկին խրախուսել իր գործունեության համար, լինելու են ոլորտային մրցանակաբաշխություններ:

  • Կիսվել: