կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խմորումներ՝ դատական համակարգում. Կարեն Անդրեասյանն իրեն մրցակից է տեսնում. «Հրապարակ»

Խմորումներ՝ դատական համակարգում. Կարեն Անդրեասյանն իրեն մրցակից է տեսնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգը պատրաստվում է մարտի 29-ին նշանակված Դատավորների ընդհանուր ժողովին։ Համակարգում տպավորություն ունեն, որ ԲԴԽ ղեկավար Կարեն Անդրեասյանը փորձում է տապալել նիստը, որոշ դատավորների ներքին կարգով հրահանգել են, որ չգան ժողովին, եւ քվորումի բացակայության պատճառով ժողովը չգումարվի: Անդրեասյանը, ըստ այդ աղբյուրների, Ռշտունուն իրեն մրցակից է տեսնում եւ կարծում է, որ նրա մուտքը ԲԴԽ կարող է մթնոլորտ փոխել՝ ոչ հօգուտ իրեն։

Այդ օրվա նիստի օրակարգում, հիշեցնենք, մի քանի հարց է՝ ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամ․ միակ թեկնածուն դատավոր Վազգեն Ռշտունին է։ Նաեւ ընտրելու են Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու․ կրկին առաջադրվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը՝ վճռաբեկի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ով անցած անգամ 50 ձայնով զիջել էր Դավիթ Բալայանին, ում խորհրդարանը չընտրեց: Մյուս թեկնածուն Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն է։

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, արդյոք ԲԴԽ ղեկավարին կհաջողվի՞ բավարար թվով աջակից դատավորներ գտնել, թե, այնուամենայնիվ, նիստը կկայանա՝ պարզ կդառնա մի քանի օրից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: