շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խաչատրյանի առողջական վիճակում ստաբիլ բացասական դինամիկա է գնում.փաստաբան

Խաչատրյանի առողջական վիճակում ստաբիլ բացասական դինամիկա է գնում.փաստաբան

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատարանի և մեղադրողի կողմից տեղի ունեցողը օրենքի հետ ոչ մի կապ չունի։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Արդեն մի քանի տարի է՝ միջնորդում են, որ վիրահատության կարիք ունի, թույլ տան, գնա վիրահատության, իրենք ամեն անգամ փորձաքննություն են նշանակել։ 3 հատ կոնսիլիում կա՝ Առողջապահության նախարարության կողմից կատարված, որտեղ նշված է, որ վիրահատության կարիք ունի, Հայաստանում դա հնարավոր չի, դատախազի միջնորդությամբ կա փորձաքննություն, որի եզարակացությամբ՝ կա վիրահատության կարիք, ցավեր ունի, նիստերին երկար չի կարող մասնակցել։ Պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի վերաբերյալ պետության ներկայացուցչի կողմից նման վերաբերմունքը արդեն սահմանների անցում է։ Այդ փաստաթղթերը առնվազն դատախազի համար անվիճելի պիտի լինեն։ Նրանք թույլ չեն տալիս, որ Խաչատրյանը մեկնի վիրահատության, հետո հարցնում են՝ ինչո՞ւ չես ներկայանում նիստին։ Երբ դեռ կրկնակի վիրահատության կարիք չկար, բժիշկներն ասում էին՝ եթե թույլ չտաք վերականգնողական բուժում, կլինի վիրահատության կարիք, թույլ չտվեցին, առաջացավ վիրահատության կարիք, նշվում էր՝ հաշմանդամության կհանգեցնի, անվասայլակի կարիք կլինի, թույլ չտվեցին վիրահատության, սրանք էլ առաջացան»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ Խաչատրյանի առողջական վիճակում ստաբիլ բացասական դինամիկա է գնում։

«Երբ հիմա Գագիկ Խաչատրյանը փորձում է որևէ բժշկի դիմի՝ բուժման համար, տարբեր պատճառաբանություններում մերժում են, ասում են՝ այլ տեղ դիմիր, զբաղված ենք»,- նշեց նա։

Երեմ Սարգսյանի համոզմամբ՝ դրանք ճնշումներ են, որոնց արդյունքում բժիշկները խուսափում են առնչվել Գագիկ Խաչատրյանի առողջական հարցով։

Անդրադառնալով դիտարկումներին, թե գուցե բժիշկը Հայաստան գա, փաստաբանն ասաց․ «Այդ վիրահատության համար բժիշկը չի կարող գալ, դա գործիքների ճամպրուկ չէ, որ վերցնի ու գա։ Դա կյանքի հետ լուրջ սպառնացող վիրահատություն է»։

Նշենք, որ այսօրվա նիստին Գագիկ Խաչատրյանը դատարան է ներկայացել անվասայլակով՝ շտապօգնության աշխատակիցների ուղեկցությամբ։

  • Կիսվել: