հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կբարելավվեն ձերբակալվածների իրավունքների իրացման երաշխիքներն ու փաստաթղթավորման ընթացակարգերը

Կբարելավվեն ձերբակալվածների իրավունքների իրացման երաշխիքներն ու փաստաթղթավորման ընթացակարգերը

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը բացման խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի համատեղ Համակարգող խորհրդի 2-րդ նիստում:
ՆԳ փոխնախարարը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին ՝ մասնավորապես ընդգծելով իրականացվող ծրագրերին ՆԳ նախարարության նոր շահառու լինելու հանգամանքը, ինչը լավ հիմք է համագործակցությունն ընդլայնելու և արդյունավետ շարունակելու համար։

Արփինե Սարգսյանը նշել է, որ կբարելավվեն ձերբակալվածների պահման վայրերում խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների արձանագրման ընթացակարգերը:
ՆԳ փոխնախարարը կարևորել է այդ վայրերում գտնվող անձանց իրավունքների և երաշխիքների ապահովման, նաև ծառայողների կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով գործառույթների պատշաճ իրականացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող վերապատրաստումները։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկների և ձերբակալվածների պահման վայրերի ընդհանրություններին ու առանձնահատկություններին, նաև քաղաքացիական հասարակության վերահսկողությանը՝ ներկայացնելով հասարակական դիտորդների ներգրավման գործող կարգն ամբողջությամբ վերանայելու մոտեցումները, ինչը կբարձրացնի քաղաքացիական հասարակության վերահսկողության արդյունավետությունը։

Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար 2023-2026 թթ. իրականացվող գործողությունների ծրագրի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև այս տարվա մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ծրագրերի շրջանակում իրականացված գործողությունները, արդյունքների գնահատման ու ընթացիկ մեթոդների վերաբերյալ մանրամասները, նաև առաջիկա 6 ամիսների աշխատանքային պլանը։

Գործընթացը կազմակերպվելու է 2024 թվականի հունվարից։

  • Կիսվել: