երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Կարևորում ենք Իտալիայի հետ կայուն համագործակցությունը. Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազին

Կարևորում ենք Իտալիայի հետ կայուն համագործակցությունը. Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, այլք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Աննա Վարդապետյանը ողջունել է Իտալիայից ժամանած գործընկերներին, շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը շարունակական քայլեր է ձեռնարկում միջազգային-իրավական համագործակցության զարգացման և այդ նպատակով օտարերկրյա գործընկերների հետ փոխգործակցության ուղիներն ընդլայնելու հարցում: «Այս առումով մենք կարևորում ենք Իտալիայի հետ վստահության վրա հիմնված կայուն համագործակցությունը, և մեր ջանքերն ուղղված են հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության խորացմանը»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը՝ հավելելով, որ Մաուրիցիո Բլոկի և նրա ղեկավարած պատվիրակության այցը վերջին երկու տարիների ընթացքում Իտալիայի դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչների երրորդ այցն է Հայաստան:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են երկու երկրների դատախազական համակարգերի կառուցվածքներին, լիազորությունների շրջանակին, ընթացող բարեփոխումներին և քրեական արդարադատության ոլորտում դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: