հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը խրախուսում է, որ խախտվի ՄԻՊ–ի մասին օրենքը. Թովմասյանի նախագիծը չընդունվեց

Կառավարությունը խրախուսում է, որ խախտվի ՄԻՊ–ի մասին օրենքը. Թովմասյանի նախագիծը չընդունվեց

ՀՀ կառավարությունը խրախուսում է, որ շարունակվի խախտվել Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, ինչպես խախտվել է այսօրվա դրությամբ, երբ մեկ ամիսը լրացել է ու որևէ թեկնածու չի առաջադրվել օմբուդսմենի պաշտոնում։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
 
Նիստում քննարկվում էր Թովմասյանի առաջարկած նախագիծը, ըստ որի` Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության համար նախատեսված մեկամսյա ժամկետը առաջարկվում էր փոխարինել եռամսյա ժամկետով: Գործող օրենսդրության համաձայն պաշտպանը պետք է ընտրվի ՄԻՊ պաշտոնը թափուր մնալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով ՄԻՊ-ի ընտրության եռամսյա ժամկետ է սահմանված։
Կառավարությունը թեպետ դեմ չէր առաջարկվող նախագծին, սակայն իր առաջարկներն ու առարկություններն էր ներկայացրել։
 
«Գործադիրը նշել է, որ երկարատև ժամկետում ՄԻՊ չընտրելը կարող է բացասական հետևանք ունենալ, բայց անհասկանալիորեն չի նշել այն իրականությունը, որն առկա է այսօր, այն է` արդեն երկու ամիս է ՀՀ–ն չունի ընտրված մարդու իրավունքների պաշտպան, և սա այն դեպքում, երբ այս պահին գործում է պաշտպանի մասին սահմանադրական օրենքում առկա մեկամսյա ժամկետը »,–նշեց Թովմասյանը։
 
Պատգամավորն ընդգծում է, որ 1–ամսյա ժամկետը 3 ամիս դարձնելով` ոչ թե խնդիր են դրել, որ օմբուդսմենը ուշ ընտրվի, այլ հնարավորություն են տալիս, որ օրենքը չխախտվի, հակառակ պարագայում օրենքն արդեն խախտված է, երբ մեկ ամիսը լրացել է, իսկ թեկնածու չի առաջադրվել։
«Հիմա դուք խրախուսում եք, որ շարունակվի օրենքի խախտումը»,–խոսքն ուղղելով կառավարության ներկայացուցիչին` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանին, ասաց Թովմասյանը։
 
Նրա կարծիքով` ՄԻՊ–ի օրենքում առաջարկվող փոփոխությանը «կառավարության դիմադրությունը» պայմանավորված է հանգամանքով, որ այն առաջարկվել է ընդդիմադիր պատգամավորի կողմից։
Արձագանքելով` փոխնախարար Հարությունյանը նշեց.
«Մենք ինքներս ոչ թե ասել ենք, որ սխալ է, այլ առաջարկել ենք մեր մոտեցումը այլ ուղղությամբ։ Եթե մենք ունենք ավելի բարենպաստ նորմ, որը նախատեսում է հնարավորություն ընտրելու պաշտպանին կամ ընտրություններն անցկացնել առնվազն մեկ ամսյա կտրվածքով, մենք իմաստ չենք տեսնում լավ նորմը փոխարինել ավելի տարածական և ոչ այնքան ճիշտ նորմով։ Այս առնչությամբ առաջարկում ենք քննարկել ԱԺ կանոնակարգ օրենքը մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքին համապատասխանեցնելու հարցը»,–ասաց նա։
 

  • Կիսվել: