երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունը երկարաձգեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրը մինչև 2026 թվականը

Կառավարությունը երկարաձգեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրը մինչև 2026 թվականը

Կառավարությունը երկարաձգեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը մինչև 2026 թվականը։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրով պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։

Նախագծով նախատեսվում է որպես ծրագրում ընդգրկվելու պարտադիր պայման սահմանել այն, որ ձեռք բերվող/բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուի և նրա ամուսնու միակ սեփականությունը, ինչը հնարավորություն կտա իրականացնել շահառուների նպատակային խմբի ճիշտ ընտրություն։ 

Միաժամանակ առաջարկվում է 5 մլն դրամով բարձրացնել ձեռք բերվող/բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքի արժեքի նկատմամբ կիրառվող առավելագույն սահմանաչափը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը։

Նախագծով նաև առաջարկվում է սահմանել արտոնություններ և խրախուսել այն ընտանիքներին, ովքեր անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն առանձին բնակավայրերում (48 բնակավայր), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն կառուցված են և/կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում։ Միաժամանակ, կխրախուսվեն այն ընտանիքները, որոնք հիփոթեքային վարկով անշարժ գույքը ձեռք են բերել կամ անհատական բնակելի տունը կառուցել/կառուցում են վերոնշյալ բնակավայրերում և վարկի գործողության ընթացքում ընտանիքում ծնվում է նոր երեխա։

Նախագծով սահմանվում է նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների դրամական աջակցության վճարման դադարեցման գործընթացն այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի արժեքի hարաբերակցությունը հիփոթեքային պարտավորության ապահովագրման պահին կազմում է 70 տոկոսից ցածր, բացառությամբ ծրագրային, այդ թվում՝ վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորված և փուլային վարկերի, որոնց դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է տվյալ ծրագրի իրականացման կարգով սահմանված՝ կանխավճարի ապահովագրման գործընթացի դադարեցման դեպքում։

  • Կիսվել: