չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում

Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում

Կառավարությունն առաջարկում է թե՛ դատավարության և թե՛ քրեակատարողական (պատիժների կատարման) փուլերում ներդնել տեսակապի համակարգը և դատավարությունն իրականացնել տեսակապի կիրառմամբ:

Ազգային ժողովի՝ հունիսի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացմամբ առաջարկվում է դատական նիստին նախատեսել տեսակապի միջոցով ազատությունից զրկված (ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձևով պատիժ կրող) մեղադրյալի մասնակցության հնարավորություն: Մասնակցությունը կարող է ապահովվել ինչպես հենց իր՝ մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի սեփական նախաձեռնությամբ:

Արփինե Սարգսյանը, մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, նշել է, որ դատարանը կարող է քննությունն անցկացնել տեսակապի միջոցով, եթե դա անհրաժեշտ է հասարակական կարգի ու առողջության պահպանման, վարույթի մասնավոր մասնակիցների իրավունքների, ազատությունների և անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման կամ դատական քննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու համար:

Նախագծերի փաթեթով Կառավարությանը կվերապահվի լիազորող նորմ՝ գործընթացի ինստիտուցիոնալ կազմակերպման չափանիշներն ու տեխնիկական միջոցներին ներկայացվող պահանջները սահմանելու համար, ինչը կբացառի իրավունքի որևէ չարաշահում:

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավաչափ է համարում տեսակապի միջոցով ազատությունից զրկված անձանց մասնակցությունը դատական գործընթացին:

Առաջարկվում է, որ օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնի 2027 թվականի հունվարի 1-ից հետո նշանակվող դատական նիստերի համար, որպեսզի թե՛ Դատական դեպարտամենտը, թե՛ Արդարադատության նախարարությունը և թե՛ Ներքին գործերի նախարարությունը կարողանան նյութատեխնիկական առումով համալրվել ու դատարանների համար ապահովել այդ նիստերը տեսակապի միջոցով անցկացնելու հնարավորությունը:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը, տեղեկացնելով, որ օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում, կոչ է արել կողմ քվեարկել:

  • Կիսվել: