երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կան մի քանի արձագանքներ, ինչը հույս է տալիս, որ Ադրբեջանն այս անգամ շատ հեշտությամբ չի խուսափի պատասխանատվությունից․ Գայանե Աբրահամյան

Կան մի քանի արձագանքներ, ինչը հույս է տալիս, որ Ադրբեջանն այս անգամ շատ հեշտությամբ չի խուսափի պատասխանատվությունից․ Գայանե Աբրահամյան

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլուգում երեկ  գրել է, որ հայտնվել է եւս մեկ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին:

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութի վերաբերյալ երեկ հայտարարություն տարածեց ՀՀ վարչապետը,ընդգծելով․ «Բռնության նման ակտերը պետք է դիտարկվի պատշաճ կերպով՝ ագրեսորի համար հետևանքներ ունենալով»։  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ երեկ Ժնևում Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը խիստ դատապարտել էր Ադրբեջանի ԶՈՒ ռազմական հանցագործությունները։ Դատապարտող հայտարարությամբ հանդես եկան նաև եվրոպական քաղաքական-հասարակական մի քանի գործիչներ։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի  մամուլի խոսնակը երեկ հայտնեց, որ տարածված տեսանյութի վերաբերյալ դիմումներ են պատրաստվում ուղարկել Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններին։

Թե նման ակնհայտ փաստերի առկայության պարագայում ինչ կարող ենք ակնկալել միջազգային դատական ատյաններից, Zarkerak.am-ի հետ զրույցում պարզաբանեց   նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն  ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը։

«Կան մի քանի արձագանքներ, ինչը հույս  է տալիս, որ Ադրբեջանն այս անգամ շատ հեշտությամբ չի խուսափի  պատասխանատվությունից։ Բայց, նաև պիտի շեշտեմ, որ, ընդհանրապես, իրավական դիվանագիտության գործիքակազմի  արդյունավետությունը գնահատելը  կարճաժամկետ չի կարող լինել։  Այսինքն՝ մենք չենք կարող հույս ունենալ և ակնկալել  դրա շատ արագ արդյունքը, բայց նաև որոշակի գործողություններ այս ուղղությամբ չանելը կարող է  ուղղակի որակվել որպես հանցավոր անգործություն պետության կողմից»,- նշում է Գայանե Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով՝ այժմ տեսնում ենք, որ միջազգային ատյաններում Հայաստանը հստակ անում է որոշակի գործողություններ, այդ թվում ՝ ՄԻԵԴ-ում․« Այս բոլոր նյութերը նաև շարունակաբար  կցվում  և շատ ավելի ամրացնում են ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում մեր  գործի հիմքերը»,- Աբրահամյանը նշում է, որ երեկ տարածված ադրբեջանական ԶՈՒ ռազմական հանցագործությունների վերաբերալ ՀՀ-ի ուղարկած և ուղարկվելիք դիմումները միջազգային դատարաններին՝ կարող են արդյունք տալ միայն տարիներ հետո։

«Ուզում եմ նաև մեր  հասարակությունը երբեք չտրամադրվի, որ այդ արդյունքները  շատ արագ են լինելու, պետք է տրամադրվենք, որ մենք այսօրվանից աշխատում ենք գուցե տասնյակ տարիներ հետո արդարության հասնելու համար և, ի վերջո, նաև աշխարհին ապացուցելու, որ մարդու իրավունքները չեն կարող Արցախում կամ ՀՀ սահմաններին ապահովված լինել, եթե Ադրբեջանը, որպես պետություն, անընդհատ սպառնալիքների լեզվով է խոսում և Արցախը չի կարող ուղղակի այդ համակեցության համատեքստում դիտարկվել»,- ընդգծում է Աբրահամյանը։

Արդյո՞ք պատերազմական այս հանցագործության կատարման  փաստերի առկայության պարագայում Հայաստանը վերջապես չի կարող դիմել նաև Միջազգային քրեական դատարան, գոնե ժամանակավոր իրավազորության համար՝ անգամ առանց վավերացնելու․ «Մենք մի շարք ՀԿ-ներով դեռևս անցած տարի մայիսի 12-ից հետո  անընդհատ շեշտել ենք, որ Հռոմի ստատուտի վավերացումը պետք է  իրականացվի և,անգամ առանց այդ ստատուտի  վավերացնելու էլ, մենք հիմա հնարավորություն ունենք և երևի հենց այս պահին լավագույն հնարավորությունն է ստեղծվում այս դատարան դիմելու տեսանկյունից»,- Աբրահամյանը նշում է ՝մասնագիտական համայնքը սա վաղուց է պնդում, այս հարցի առնչությամբ մասնագիտական կարծիքներ են ուղարկվել նաև կառավարություն, սակայն  Միջազգային քրեական դատարան դիմելու հարցում դեռ հապաղում ենք։

Հռոմի ստատուտը չեն վավերացրել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, եթե անգամ ՀՀ-ում այս դատարանը ժամանակավոր իրավազորություն ունենա, Ադրբեջանի չվավերացնելը խոչընդոտ չի՞ դառնա վճիռների կայացման գործում․ «ՀՀ տարածքի նկատմամբ  որևէ հարձակում տեղի ունենալու դեպքում, անգամ, եթե հարձակվող կողմը չի ընդունել ստատուտը,  միևնույն է, դատարանի իրավազորությունը  լիազորություններ ունի, որովհետև գործողություններ կատարվել են ՀՀ տարածքում»։

Եթե իրավական որոշակի գնահատականներ, թեկուզ ոչ մոտ ապագայում միջազգային հարթակներից հնարավոր է սպասել, ապա, ըստ Աբրահամյանի,քաղաքական հստակ գնահատականներ ակնկալել պետք չէ․  «Արձագանքներն, իսկապես, այս անգամ շատ էին,  որովհետև նաև գործողությունն է սարսափելի և չեն կարող այլևս լռել։ Բայց դրան զուգահեռ, ես, անկեղծ ասած,  քաղաքական գործողությունների մեծ ակնկալիք չունեմ։Պատերազմն  Ուկրաինայում  չափազանց մեծացրել է Ադրբեջանի  կշիռը տարածաշրջանում, հատկապես ԵՄ-ի կախվածությունն ադրբեջանական  գազից։ Առանձնապես մեծ հույսեր չեմ տածում, որ ռազմական այս հանցագործությունն Ադրբեջանի համար քաղաքական հետևանքներ է ունենալու» ։

«Սարսափելի է իրականում այս ամենն ինչ արվում է,  սարսափելի պատերազմական հանցագործություն է , բայց նաև Ադրբեջանը  չի ընկալում, թե ինչպիսի հնարավորություն է  տալիս  ՀՀ-ին»,- ընդգծում է Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ սա միջազգային հարթակներում մեր կողմից ներկայացվող փաստերին կարևոր հավելում է։

Եթե միջազգային իրավական գնահատականներին, Աբրահամյանի խոսքով, ստիպված ենք սպասել մի քանի տարի։ Մեր այն հարցին,թե սա Ադրբեջանի համար հիմք չի՞ դառնում շարունակել ռազմական հանցագործի ձեռագիրը՝ վստահ լինելով, որ արդարադատությունը կուշանա, Գայանե Աբրահամյանը նշեց․ «Ժամանակաշրջանն է այդպիսին, միջազգային իրավունքի նորմերն ամբողջ աշխարհում են համատարած խախտվում, իրենք ուղղակի առիթից օգտվում են, բայց իրավիճակն այսպես չի շարունակվելու, այսպես չի մնալու, այն ինչ Ուկրաինայում, աշխարհի տարբեր երկրներում է տեղի ունենում,  չի կարող, ի վերջո, անպատասխան մնալ»։

Գայանե Աբրահամյանը մի հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում․ « Գուցե տեսանյութի տարածումը  նաև անզգուշություն է, որովհետև մի որոշ ժամանակահատված, ադրբեջանական իշխանություններն  արգելել էին իրենց զինվորներին ընդհանրապես որևէ տեսանյութ  հրապարակել և տարածել։ Ինձ համար զարմանալի է, թե ինչպես օրինակ  սրանք տարածվեցին»։ 

Բայց եթե համարենք, որ տեսանյութը տարածվել է միտումնավոր, ապա սա ունի երկու հիմնական պատճառ․ «Նրանք հասկանում են, որ այս տեսանյութերը, ի վերջո,  ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում մեզ համար  կարևոր փաստեր ու փաստարկներ են դառնալու, կարծում եմ, որ իրենք իրենց համար 2 բան են դիտարկում։ Երկարաժամկետ պլանում իրենք հասկանում են, որ արդարությունն անխուսափելի է։ Այսինքն՝ դատարանում շահելու համար մենք շատ ավելի մեծ հիմքեր ենք ստանում»։ 

«Կարճաժամկետ պլանում  այս տեսանյութերի ազդեցությունն իրենք  շատ ավելի են գնահատում։ Դա այդ տեսանյութերի ազդեցությունն է մեր հասարակության մեջ՝ վախի, սարսափելի թևաթափության  զգացումի տեսքով, որի հետևանքով օրինակ կարող  է  լինել  մասսայական արտագաղթ ՀՀ-ից ու  բանակից խուսափումներ»,- Գայանե Աբրահամյանը նշում է, որ ադրբեջանական կողմը հասկանում է, որ  կարճաժամկետ պլանում այսպիսի տեսանյութերի տարածումը առաջիկա՝ գոնե մի քանի տարիների համար  սահմանի վրա հաջողություն արձանագրելու տեսանկյունից  ավելի ձեռնտու է, քան այն ինչը, որ հետագայում նման տեսանյութերի ներկայացմամբ՝ ՀՀ-ն կստանա միջազգային իրավական ատյաններում։  

 

  • Կիսվել: