շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Կաբինետներում» ցանկանում են, որ Խաչատուրովը մնա կալանքի տակ. փաստաբան

«Կաբինետներում» ցանկանում են, որ Խաչատուրովը մնա կալանքի տակ. փաստաբան

Դատական համակարգում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք գլխովին կարող են փոխել իրավական համակարգի ճիշտ զարգացման ուղին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպաններից Հակոբ Ենոքյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի մարտի 13-ից հետո մինչև օրս Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ ծանրակշիռ նոր փաստ չի ավելացել, և դրա մասին Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 20-ին արձանագրում է արել, ավելին՝ արձանագրել է նաև դատական սխալ, և դատական ակտն այս մասով բեկանել է։ Դատարանի կայացրած որոշումից 2 ամիս անց էլ Խաչատուրովը կալանքի տակ է։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պաշտպանները չե՞ն դիտարկում, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը, Ենոքյանը նշեց՝ նախ ուզում են սպառել իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, դրանից հետո նոր քննարկել Եվրոպական դատարան դիմելու հարցը։

«Այն տոտալ ապօրինությունը, որ տեղի է ունենում Խաչատուրովի գործով, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք, բայց այդ ապօրինությունները հակասում են, այսպես ասած, թղթի վրա հռչակված եվրոպական չափանիշներին։ Մենք բացառում ենք, որ այս պարագայում եվրոպացիները կոնկրետ այս գործով հետաքրքրություն կներկայացնեն, որովհետև սա, այսպես ասած, Աքիլլեսյան գարշապարն է»,- նշեց Միհրան Պողոսյանը։

Նա հավելեց՝ այս դեպքում ապօրինություններն այնքան ակնհայտ են, որ արդեն դատարաններն են արձագանքում, ուղենիշ ցույց տալիս Առաջին ատյանի դատարանին, որ այստեղ խախտումներ կան։

Նա հիշեցրեց՝ ինքն անձամբ մի անգամ Հայաստանի ՄԻՊ-ին դիմել է, որ կալանքի ժամկետն ավարտվել է, բայց Խաչատուրովը շարունակել է կալանքի տակ մնալ, սակայն իր դիմումը որևէ ընթացք չի ունեցել, քանի որ, ըստ պաշտպանի, այն, ինչ կատարվում է, հակասում է պետության հռչակած սկզբունքներին։ Սակայն «կաբինետներում» ցանկանում են, որ Խաչատուրովը մնա կալանքի տակ։ Վստահ է, որ դա արվում է ամենաբարձր մակարդակով։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։

  • Կիսվել: