շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կա հասարակական մեծ պահանջ, որպեսզի բացահայտվեն պատերազմում մեր պարտության պատճառ դարձած անձինք. Արգիշտի Քյարամյան

Կա հասարակական մեծ պահանջ, որպեսզի բացահայտվեն պատերազմում մեր պարտության պատճառ դարձած անձինք. Արգիշտի Քյարամյան

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը քննիչներին հրահանգել է ուժերի գերլարումով աշխատել 2020 թվականի Արցախյան պատերազմին վերաբերվող քրեական գործերի քննությունն արագացնելու և հանրության ակնկալիքները բավարարելու համար:  Արգիշտի Քյարամյանն այդ մասին ասել է Քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ունեցած ելույթում: 

«Ձեր կատարած աշխատանքի արդյունքում պետք է վերջիվերջո բացահայտվեն այն հանգամանքները, որոնց հետևանքով մենք պարտվել ենք: Եվ դա ոչ միայն մեզ համար է կարևոր, ոչ միայն կառավարության համար է կարևոր կամ պետության, դա կարևոր է պատմության համար, դա կարևոր է մեր ազգի, մեր ժողովրդի համար: Կա հասարակական մեծ պահանջ, որպեսզի բացահայտվեն այն անձինք, ովքեր դարձել են պարտության պատճառ, որպեսզի բացահայտվեն այն հանգամանքները, որոնց հետևանքով մենք պարտվել ենք»,- ասել է Քյարամյանը:

Նա հավելել է, որ,  չնայած գործերի բարդությանը, չնայած շատ մեծ քանակով ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը, պետք է որոշակի ժամկետային սահմանափակումներ դնեն այս գործերի քննության հանգամանքում: «Մենք պետք է հասկանանք, որ ժամանակն անսահման չէ, և այն ակնկալիքները, որ հանրությունն ու քննչական կոմիտեն ունեն այս գործերի քննության ընթացքի վերաբերյալ, պետք է կարճ ժամանակում բավարարվեն: Այնպես որ պետք է ուժերի գերլարումով աշխատենք: Այն բոլոր դրվագները, որոնք արդեն ավարտական տեսք ունեն, պետք է իրացվեն, բոլոր ուղղությունները, որոնք այս ընթացքում պարզաբանվել են, պետք է իրացվեն:

  • Կիսվել: