Չարտահանձնե՛ք ադրբեջանցուն, Շաքիի դեպքն օգտագործեք հօգուտ հայ գերիների ազատ արձակման. ՀՅԴ ակցիան
ՀՅԴ երիտասարդական միությունն այսօր՝ հոկտեմբերի 2–ին, բողոքի ակցիա է կազմակերպել ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով չարտահանձնել ադրբեջանցի զինծառայողին, որը հատել է սահմանը, մտել Շաքի գյուղի տներից մեկն ու երեխաների աչքի առաջ կրակել հայ կնոջ վրա։
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հայ գերիների վերադարձը առաջնահերություն», «Հաջորդը կարող է լինել ձեր ընտանիքը», «Պետության դերը կանխելն է, ոչ թե արձանագրելը», «Սյունիք–տուր ադրբեջանցիների համար, հովանավոր՝ ԱԱԾ»։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Երեկ Սյունիքի Շարքի բնակավայրում տեղի ունեցածը հերթական անգամ ցույց է տալիս, թե Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում բնակվող մեր հայրենակիցները ինչքանով են ապահով, ինչքանով են վտանգված:
Մենք չենք խոսում ինչ-որ հերթական սահմանային դեպքի մասին, կատարվածը, կարելի է որակել ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ՀՀ քաղաքացու անվտանգության դեմ։ Ադրբեջանցի զինծառայողը մուտք է գործել Հայաստանի Հանրապետության տարածք, հարձակվել անզեն քաղաքացու վրա և խաթարել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անդորրը։
Կատարվածը ՀՀ իշխանությունները պետք է օգտագործեն որպես լծակ կամ, այսպես ասած, բանակցային գործոն Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պայմանը կատարելու համար։
Մեր պահանջն է չարտահանձնել ադրբեջանցի զինծառայողին առանց որևիցե ինչ-որ նախապայմանի։ Մենք այստեղ ենք, որպեսզի պահանջենք առաջնահերթություն տալու հայ գերիների ազատ արձակմանը»։



