Լոս Անջելեսում 12 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել
Նախօրեին՝ նոյեմբերի 28-ին, Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են ավելի քան 40 հետցնցումներ։ Այն վերջին 12 տարվա ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժն է, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը՝ USGS-ին:
Ըստ ծառայության՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերմոսա Բիչի ափերի մոտ։
Ցնցումների հետևանքով շենքերում դարակներից իրեր են ընկել, իսկ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի 7-րդ տերմինալում կոտրվել են ապակիներ և ընկել առաստաղի սալիկներ։ Նախնական տվյալներով՝ լուրջ կառուցվածքային վնասների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Նշվում է նաև, որ ԱՄՆ երկրաբանական ծառայության սեյսմոլոգ Էլիզաբեթ Քոքրանն ասել է, որ ափամերձ բնակավայրերի բնակիչները բավական ուժեղ ցնցումներ են զգացել, սակայն խոշոր կառուցվածքային վնասներ չեն արձանագրվել։
Հետցնցումներից հետո, որպես նախազգուշական միջոց, փակվել է Մանհեթեն Բիչի նավամատույցը։ Ռեդոնդո Բիչի նավահանգստի պարեկային ծառայությունն իրականացրել է նավամատույցի ստուգում։ Փակվել է նաև Հերմոսա Բիչի լողափը՝ նավամատույցի կառուցվածքային անվտանգությունը գնահատելու նպատակով։



