չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հունիսի 12-ի գործով կա 8 կալանավորված անձ. փաստաբան

Հունիսի 12-ի գործով կա 8 կալանավորված անձ. փաստաբան

Չափազանց մտահոգիչ է, որ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել հունիսի 12-ի դեպքերով։ Այս մասին այսօր ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը բռնում երիտասարդի մազերից քաշում, անասելի դաժանություն է, ողջունում եմ գնդապետ Ազիզյանին, որը կանխեց դա»:

Նա նաև հավելեց, որ չեն կարող չընդունել, որ ոստիկանների շարքերում կան նաև պատվով ոստիկաններ։ Փաստաբանը վստահեցրեց, որ սահմանն անցած ոստիկանները ենթարկվելու են պատասխանատվության։

Հարությունյանը նաև նշեց, որ այս օրերին ձերբակալված 27 անձինք ազատ արձակվեցին. «Դա ցույց տվեց, որ բոլորն անմեղ էին, և ապօրինի, դաժան, անհամաչափ ուժի կիրառմամբ ձերբակալվել էին և 3 օր անազատության մեջ գտնվեցին»։

Հարությունյանը հայտնեց, որ հունիսի 12-ի գործով կա 8 կալանավորված անձ: «Ունենք դաշնակցական տղաներ, որոնք կալանավորվել են, սա էլ արդեն որերորդ անգամ ՀՅԴ կուսակցության նկատմամբ սկսում են այսպիսի բռնություններ»,-ասաց նա և ընթերցեց կալանավորված և տնային կալանքի տակ գտնվողների անուն–ազգանունները։

Նա նշեց, որ Արփինե Մովսիսյանին տնային կալանքի են տարել այն դեպքում, երբ նա մանկահասակ երեխաների մայր է։

  • Կիսվել: