երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ ՄԻՊ հանձնաժողովի նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել Արցախում հումանիտար խնդրի վրա

ՀՀ ՄԻՊ հանձնաժողովի նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել Արցախում հումանիտար խնդրի վրա

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրավոր դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային գործընկերներին՝ ուշադրություն հրավիրելով Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի վրա, երբ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնել գազատարի խափանումն ու բնակչությանն ապահովել գազով:

Թովմասյանն այս խնդրի մասին հայտարարություն արեց հանձնաժողովի նիստում:
 
«Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է: Մեկ շաբաթից ավել Արցախում գազ չկա: Ադրբեջանական ուժերն արգելում են ռուս խաղաղապահներին անգամ մոտենալ գազատարի պայթեցված հատվածին, և հնարավորություն չի տրվում նորոգել գազատարի այդ հատվածը: Դրա հետևանքով այսօր մենք Արցախում ունենք ինչպես տրանսպորտի հետ կապված խնդիր, այնպես էլ մի շարք արտադրություններում արդեն խնդիրներ կան, մարդիկ հացի արտադրության խնդիր ունեն իրենց երկրում: Սա շատ լուրջ ահազանգ է, որի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային գործընկերներին դիմել եմ տարբեր նամակներով և խնդրել եմ իրենց ուշադրությունն ու հրատապ արձագանքը Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի թեմայի վերաբերյալ»,-ասաց Թովմասյանը:
 
Ըստ պատգամավորի՝ եթե առաջիկայում այս տեմպերով շարունակվի, ապա նաև էլեկտրաէներգիայի ճգնաժամ է լինելու Արցախում, քանի որ գերծանրաբեռնված ռեժիմով է էլեկտրաէներգիան սպասարկվում, և այդ արտադրողականության ծավալները չեն կարող երկար ժամանակ ձգվել: Հետևաբար, նա չբացառեց, որ հետագայում Արցախում լինի նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր:
 
«Այս առնչությամբ ուզում եմ ևս մեկ անգամ աշխարհում բոլորի ուշադրությունը հրավիրել Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի վրա»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: