ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հետախուզման մեջ գտնվող դատավոր Սամվել Ուզունյանի կինը դատախազությունում էր. «Ժողովուրդ»

Հետախուզման մեջ գտնվող դատավոր Սամվել Ուզունյանի կինը դատախազությունում էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կաշառքի գործով հետախուզման մեջ գտնվող, հոկտեմբերի 27-ի գործը քննած նախկին դատավորՍամվել Ուզունյա նի կինը՝ Ալլա Հարությունյանը, երեկ ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանին եւ կնոջը՝ Ալլա Հարությունյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշենք, որ այն ժամանակ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը քննել է 1999թ. «Հոկտեմբերի 27»-ի գործը: Նախկին դատավորին ու կնոջը հրավիրում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:

 

Այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հրապարակում, թե որ գույքերը կամ ինչ չափի գումար է դիտարկվում՝ որպես ապօրինի ձեռք բերված եւ բռնագանձման ենթակա գույք: Ի դեպ, Ուզունյանը 2019 թվականից հետախուզման մեջ է: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու փորձին օժանդակելու եւ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու դրվագներով:

Մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն Ուզունյանը լքել է պետական սահմանը, եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացվել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: