երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հերոսների հարազատների հետ շփվելիս պետք է զգույշ լինենք․ ՄԻՊ-ի իշխանության թեկնածու

Հերոսների հարազատների հետ շփվելիս պետք է զգույշ լինենք․ ՄԻՊ-ի իշխանության թեկնածու

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց ՄԻՊ-ի պաշտոնում իշխանական խմբակցության թեկնածու Անահիտ Մանասյանին։

«Հարցս վերաբերում է 2022թ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած հայտնի տգեղ միջադեպին, երբ ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ որդեկորույս ծնողներին հեռացրին այն հատվածից, որտեղով պետք է անցներ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ժամանակ Եռաբլուրում էին ինչպես Գլխավոր դատախազը, այնպես էլ ՄԻՊ նախկին պաշտպանը։ Հանրությանը հայտնի տեղեկությունների մակարդակում կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ որևէ ոստիկանի նկատմամբ  այդ մասով մեղադրանք առաջադրված չէ, ընդհակառակը ծնողների նկատմամբ են ներկայաված տարբեր քաղաքացիական հայցեր։ Ինձ հետաքրքիր է Ձեր վերաբերմունքը արդեն որպես ՄԻՊ-ի թեկնածու, ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը և ինչ եք արել այս գործով որպես դատախազ»,- ասաց Թովմասյանը։

Արձագանքելով՝ Անահիտ Մանասյանը նշեց․

«Այս հարցին պատասխանելու եմ այնպիսի բովանդակային խոսույթով, որպեսզի չստեղծեմ կրկնակի զոհականացման խնդիր անձանց համար, որովհետև կարևոր է, որպեսզի անկախ տեղի ունեցող իրադարձություններից և ունեցած տեսակետներից՝ անձինք նորից չվերապրեն այն զգացողությունները, որոնք ունեցել են։ Ես, բնականաբար, վերջնական եզրահանգումային գնահատականներ չեմ կարող տալ հարցի վերաբերյալ։ Անկախ կոնկրետ դեպքից՝ անհամաչափ ուժի կիրառման ուղղությամբ միանշանակ անելիք ունենք և ընդհանուր վիճակը կատարելագործման ենթակա վիճակ է։ Կոնկրետ Ձեր հիշատակած իրավիճակում, ես կարծում եմ, որ մեր հերոսների հարազատները այն անձինք են, ում նկատմամբ մենք պետք է զգայուն և զգույշ լինենք։ Անկախ նրանից՝ ուժի կիրառումը համաչափ է, թե անհամաչափ, կան ճգնաժամային իրավիճակներ, որտեղ մեր իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է ունենան այդ իրավիճակները կառավարելու պատշաճ հմտություններ։ Մեր բոլորի կարևոր խնդիրներից մեկն այն է, որ թե՛ ոստիկանության ծառայողները, թե՛ իրավապահ համակարգի աշխատակիցները լուրջ վերապատրաստումներ անցնեն ճգնաժամային իրավիճակները կառավարելու առումով»։

Մանասյանը նշեց, որ զերծ կմնա վարույթի վերաբերյալ կարծիք հայտնելուց, որովհետև չի հանդիսանում գլխավոր դատախազի այն տեղակալը, ով առնչվում է այդ գործին։

  • Կիսվել: