երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթական համակարգի բարեփոխման ուղղությամբ. ՄԻՊ

Անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթական համակարգի բարեփոխման ուղղությամբ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպանության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին։

ՄԻՊ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանն անդրադարձ է կատարել  ընտանեկան բռնության կանխարգելմանը և Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ աշխատանքների կարևորությանը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթական համակարգի բարեփոխման ուղղությամբ, քանի որ հենց կրթական համակարգի միջոցով են շատ հաճախ փոխանցվում կարծրատիպային մոտեցումները, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքներին վերաբերելի ժամանակակից միտումներին։

Քրիստինա Կոնեսա Սանչոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

  • Կիսվել: