երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Հենց առաջին գնահատման շրջափուլում ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Հենց առաջին գնահատման շրջափուլում ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) 103-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը։ Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի վերաբերյալ համապատասխանության առաջին զեկույցը՝ ԳՐԵԿՈ-ի Հինգերորդ գնահատման փուլի շրջանակում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։

Նիստի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից իրականացված աշխատանքները, արձանագրված առաջընթացն ու ձեռքբերումները կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդման ոլորտներում։ Ներկայացվել են ինչպես օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, այնպես էլ գործնական քայլերը, որոնք ուղղված են ոստիկանության համակարգում հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործմանը և հանրային վստահության բարձրացմանը։

ԳՐԵԿՈ-ի համապատասխանության զեկույցի համաձայն՝ ներկայացված հանձնարարականներից 5-ը գնահատվել են որպես ամբողջությամբ կատարված (satisfactorily implemented), իսկ ևս 1-ի մասով ամբողջությամբ կատարման մասին ՆԳ ներկայացրած տեղեկատվությունը նիստի ընթացքում ընդունվել է ի գիտություն։

Կարևոր է ընդգծել, որ սա համապատասխանության գնահատման առաջին փուլն է, և արդեն իսկ այս փուլում ՆԳՆ իրավասության շրջանակում գտնվող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ի կողմից գնահատվել է որպես ամբողջությամբ կատարված, ինչը վկայում է ոլորտում Նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունավետության մասին։

Իր զեկույցում ԳՐԵԿՈ-ն գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի կողմից արձանագրված նշանակալի առաջընթացը՝ հատկապես ոստիկանության թափանցիկության և հաղորդակցության, հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ընդունման, ոստիկանության ծառայողների վերապատրաստման և ոստիկանության հնարավոր իրավախախտումների քննության ոլորտներում՝ նշելով, որ այդ թեմաներին առնչվող հանձնարարականները պատշաճ կերպով իրականացվել են։

Միաժամանակ, ԳՐԵԿՈ-ն դրական առաջընթաց է արձանագրել ՆԳՆ մյուս երեք հանձնարարականների մասով, այդ թվում՝ ոստիկանությունում կանանց ներկայացվածության բարձրացման, առաքինության ստուգումների և ծառայության դադարեցումից հետո կիրառվող սահմանափակումների մասով։ Հաշվի առնելով հանձնարարականների շարունակականությունը ու ինստիտուցիոնալ արդյունքների արձանագրման կարևորությունը՝ այդ հանձնարարականները գնահատվել են մասնակի կատարված (partly implemented)։ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքը՝ նպատակ ունենալով ապահովել հանձնարարականների լիարժեք կատարումը։

Համապատասխանության զեկույցի արդյունքները վերահաստատում են Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները։

  • Կիսվել: