կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել բելառուս Յարոսլավ Նովիկովին

Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել բելառուս Յարոսլավ Նովիկովին

Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել բելառուս Յարոսլավ Նովիկովին, որին մինչ այդ բռնել էին Բելառուսի գլխավոր դատախազության հարցապնդմամբ։ Այս մասին տեղեկացրել է «Ազատություն» ռադիոյի բելառուսական ծառայությունը՝ հղում կատարելով նրա փաստաբան Արայիկ Պապիկյանին։

«Յարոսլավը հենց նոր ստացավ փախստականի կարգավիճակ, մի փոքր ավելի ուշ նա ազատ կարձակվի»,- տեղեկացրել է Պապիկյանը։

Բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովին բռնել էին փետրվարի 2-ին հայ-վրացական սահմանը հատելիս։ 2023թ. ամռանը Բելառուսում նրա դեմ քրեական գործ էր հարուցվել բանակում ծառայությունից խուսափելու համար (Բելառուսի Հանրապետության ՔՕ 435 հոդվածի 1-ին մաս)։ Անցած տարվա սեպտեմբերին տղամարդու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։

Բելառուս տղամարդը նախատեսում էր Վրաստանից անցնել Բուլղարիա, բայց վիզա չստացավ։ Նրան խորհուրդ տվեցին անհրաժեշտ վիզան ստանալ հայրենիքում, բայց Նովիկովը չգնաց այնտեղ ձերբակալվելու ռիսկի պատճառով։ Դրա փոխարեն նա անցավ հարեւան Հայաստան՝ այստեղ վիզա ստանալու համար, որտեղ էլ նրան բռնեցին։

Այս տարվա փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Նովիկովը պաշտոնական Երեւանից քաղաքական ապաստան եւ փախստականի կարգավիճակ է խնդրել, քանի որ զգուշանում է քրեական հետապնդումից, եթե արտահանձնվի Բելառուս։

2022-2023թթ. Հայաստանի իշխանությունները բռնել են բելառուս մի քանի քաղաքացիների։ Բոլոր ձերբակալումները, ինչպես նշել է «Ազատություն» ռադիոն, տեղի են ունեցեկ հայ-վրացական սահմանին, երբ բելառուսները փորձել են «զրոյացնել» Վրաստանում կեցության ժամկետը՝ ժամանակավորապես Հայաստան գալով։

  • Կիսվել: