չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայ ռազմագերիների սպանությունները Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումներն են․ Թովմասյան

Հայ ռազմագերիների սպանությունները Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումներն են․ Թովմասյան

Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է հետևողականորեն հիմնավորել խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, Ադրբեջանը գործում է հերթական պատերազմական հանցագործությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը․

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանությունները պետական մակարդակով հովանավորվող Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումներն են։ Պատերազմական այս հանցագործությունները ոտնահարում են բոլոր այն մեխանիզմները, միջազգային հումանիտար իրավունքի բոլոր պահանջները, որոնց ջատագովն է միջազգային հանրությունը, և որոնցով որ պետությունները պարտավորվել են առաջնորդվել ժամանակակից միջազգային հարաբերություններում։

Ռազմագերիների կյանքի իրավունքի ոտնահարման այս հանցագործությունները ամբողջությամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի կոնվենցիայով ամրագրված արգելքները՝ ոտնձգությունը կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես, ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները։

Գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար, ուստի հրատապ նամակներ եմ ուղարկում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների հետ առնչվող բոլոր միջազգային գործընկերներին՝ շտապ գործարկելու բոլոր իրավաքաղաքական մեխանիզմները՝ ի պաշտպանության միջազգային հանրության «մարդասիրական մանդատի» ներքո գտնվող հայ ռազմագերիների իրավունքների։

Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս հանցագործությունները միջազգային դատարանի եւ հանրության կողմից պետք է անհապաղ քննության առարկա դառնան դրանց քրեաիրավական որակման առումով, և հանցագործները շտապ ենթարկվեն պատասխանատվության»։

  • Կիսվել: