երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաստատվել է ԵԽ ԳՐԵԿՈ 4-րդ գնահատման փուլի զեկույցը. Հայաստանը հաղթահարել է անհրաժեշտ շեմը

Հաստատվել է ԵԽ ԳՐԵԿՈ 4-րդ գնահատման փուլի զեկույցը. Հայաստանը հաղթահարել է անհրաժեշտ շեմը

2023 թվականին ընդունվել է Հակակոռուպցիոն 2023-2026թթ․ ռազմավարությունը. ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվել. Հակակոռուպցիոն դատարանի բոլոր դատավորներն անցել են վերապատրաստում, առաջին ընթերցմամբ ընդունվել են դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության նոր կառուցակարգերը: Այս մասին նշվել է հունվարի 18-ին, Արդարադատության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մշակվել են կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության և ԿԿՀ կողմից վերահսկողության կառուցակարգերի լավարկման նախագծերը: Մշակվել են պետական և համայնքային պաշտոնյաների վարքագծի նոր կանոններ:

Կատարելագործվել է ազդարարման համակարգն ու մեկնարկել է իրազեկման համապետական արշավ: Իրականացվել է բոլոր պետական մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարողությունների զարգացում: Օրենքով հստակ սահմանվել են պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվերներ ընդունելու արգելքը, «նվեր» հասկացությունը, առաջին ընթերցմամբ ընդունված օրենքով սահմանվում են պետական սեփականություն դարձող գույքի տնօրինման եղանակները, դրանք տնօրինող մարմինները:

Ներկայացվել է միջազգային պարտավորությունների իրականացման ընթացքը։ Հաստատվել է ԵԽ ԳՐԵԿՈ 4-րդ գնահատման փուլի «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» զեկույցը: Լայնածավալ բարեփոխումների, ինչպես նաև ՀՀ պատվիրակության բանակցությունների արդյունքում ՀՀ-ն հաղթահարել է անհրաժեշտ շեմը:

Ամփոփվել է ՏՀԶԿ 5-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» մոնիթորինգային զեկույցը:

Զեկուցվել է, որ մշակվել է անհայտ կորածների և գերիների վերաբերյալ օրենքի հայեցակարգը: ԱՆ նախաձեռնությամբ վավերացվել է 13-րդ լրացուցիչ արձանագրությունը՝ բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին։

Ներկայացվել են Հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները. ԱԺ է ներկայացվել 25 տարի առաջ ընդունված ԴԱՀԿ մասին օրենքի փոխարեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր օրենքի նախագիծը:

Իրականացված բարեփոխումների շնորհիվ ՀԿԱԾ-ը՝ ի տարբերություն 2018 թ. -1.2 մլրդ դրամ բացասական եկամտաբերությամբ պետական հիմնարկի, 2023 թ. արդյունքներով դարձել է +1.4 մլրդ դրամ եկամտաբերությամբ կառույց, իսկ 2023թ. գանձված կատարողական ծախսերի չափը 15.5%-ով ավելի է 2022թ. ցուցանիշից:

  • Կիսվել: