երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հաշտարարական համայնքը համալրվել է նոր մասնագետներով

Հաշտարարական համայնքը համալրվել է նոր մասնագետներով

Արդարադատության նախարարի տեղակալ, որակավորման հանձնաժողովի նախագահ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արտոնագրված հաշտարարների որակավորման վկայագրերի շնորհման արարողություն: Նախարարի տեղակալը շնորհավորել է բոլոր մասնագետներին որակավորման ստուգման և վերապատրաստման փուլերը հաջողությամբ հաղթահարելու առթիվ՝ կարևորելով հաշտարարության ոլորտի զարգացումը որպես դատաիրավական բարեփոխումների էական բաղադրատարր:

Նոր հաշտարարներին ողջունել է նաև Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը՝ ներկայացնելով նախարարության տեսլականը և ապագա քայլերը հաշտարարության ոլորտի զարգացման, հաշտարարության վերաբերյալ օրենսդրության կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանող ուսուցման և վերապատրաստման դասընթացների իրականացման, ինչպես նաև ոլորտը նոր մասնագետներով համալրելու նպատակով:

Նշենք, որ Արդարադատության նախարարության, Երևանում Եվրոպային խորհրդի գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» համագործակցությամբ նոյեմբերի 17֊24-ը կազմակերպվել էր գործող հաշտարարների ու հավակնորդների վերապատրաստման և ուսուցման պիլոտային դասընթացը, որը հաջողությամբ անցած հավակնորդները մասնակցել էին հաշտարարների որակավորման ստուգման երկու փուլերին: Արդյունքում՝ 14 նոր հաշտարարներ միացել են հաշտարարական համայնքին: Դասընթացն ավելի ընդգրկուն և օգտակար են դարձրել հրավիրյալ փորձագետներն ու դատավորները, ովքեր կիսվել են հաշտարարության ոլորտում իրենց արժեքավոր փորձով և օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ դիտարկումներով։

Հաշտարարության գործընթացն առավել հասանելի և համակարգված կազմակերպելու նպատակով ավարտին են մոտենում e-mediation.am հաշտարարության էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքները։ Հարթակը հնարավորություն կտա առցանց եղանակով համակարգել ողջ գործընթացը։

  • Կիսվել: