չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբոր սպանության կասկածանքով

Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբոր սպանության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։

Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված ահազանգի համաձայն՝ ժամը 10:08-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: 

Նախնական տվյալներով՝ 2024թ. հունիսի 30–ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը, լսելով քրոջ օգնություն կանչելու ձայնը, մոտեցել է ավտոտնակին, որտեղ նկատել է, թե ինչպես է 34–ամյա եղբայրը ծեծում քրոջը:

Ըստ նախնական տվյալների՝ 33–ամյա տղամարդը, քրոջը պաշտպանելու նպատակով,  միջամտել է վեճին, սակայն եղբայրը, վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է քրոջ վրա։ Այնուհետև 33–ամյա տղամարդը եղբոր ձեռքից վերցրել է դանակը,  և վերջիններիս միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ եղբորը գլխի շրջանում պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի հիշյալ մարմնական վնասվածքը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ դանակի շեղբի կտոր: Կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Օպերատիվ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ պարզելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

 Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: