ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գուսանագյուղի ղեկավարը պաշտոնեական չարաշահումներ է կատարել․ ՔԿ

Գուսանագյուղի ղեկավարը պաշտոնեական չարաշահումներ է կատարել․ ՔԿ

 

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Գուսանագյուղ համայնքի ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, 2015-2016թթ. ընթացքում դրամաշնորհային պայմանագրեր կնքելով համայնքապետարանի և իր որդու նախագահությամբ գործող «Գուսանագյուղ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի միջև, կոոպերատիվին անհատույց փոխանցել է խոշոր չափերով՝ 1.426.000 ՀՀ դրամ գումար՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակել է այն:

Բացի այդ, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, նախնական համաձայնության գալով համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելով և այն շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է Շիրակի մարզպետարան և առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր  9.475.326 ՀՀ դրամ արժողությամբ «ՍՊՈՒ-4» շարքացանը և «ՄՏԶ-82.1» մակնիշի տրակտորն անհատույց, սեփականության իրավունքով, տրամադրվել է որդու նախագահությամբ գործող հիշյալ սպառողական կոոպերատիվին, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել  համայնքի և պետության իրավունքներին ու օրինական շահերին` առաջացնելով  ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գուսանագյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

  • Կիսվել: