հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գրիգոր Մինասյանը կարևորել է հայ-ղազախական հարաբերություններում իրավական և դատական ուղղություններով զարգացումը

Գրիգոր Մինասյանը կարևորել է հայ-ղազախական հարաբերություններում իրավական և դատական ուղղություններով զարգացումը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Գրիգոր Մինասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման գործում։

Նախարարը կարևորել է հայ-ղազախական հարաբերություններում իրավական և դատական ուղղություններով զարգացումը, ՀՀ-ի և Ղազախստանի միջև օրենսդրական այլ կարգավորումները ։

Գրիգոր Մինասյանն արդարադատության ոլորտում համագործակցությունն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ Ղազախստանն այն եզակի երկրներից է, որտեղ կիրառվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների մոդելը՝ մեկ կանգառ մեկ պատուհան սկզբունքով, որի շրջանակում առաջարկվում է քննարկել ղազախական փորձի փոխանակման հնարավորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ թեմայի համատեքստում առավել մանրամասն քննարկումներ ունենալ և ուսումնասիրել ղազախական պետական ծառայությունների մատուցման մեկ միասնական պատուհանի մոդելը:

Այս համատեքստում կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Ծառայությունների մատուցման համար միասնական թվային հարթակի կիրառման և դրա արդյունավետության վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը Ղազախստանի կողմից, ինչը դյուրին է դարձնում քաղաքացիների կողմից պետական մարմիններից պաշտոնական փաստաթղթեր ստանալու ընթացակարգը:

Կողմերը քննարկել են նաև երկու պետությունների ներկայիս փորձն էլեկտրոնային արդարադատության ներդրման կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել թվային ցանցերի ստեղծմանը։

  • Կիսվել: