շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գրիգոր Մինասյանը գերմանացի գործընկերներին տեղեկացրել է նոր Սահմանադրության նախագծման աշխատանքների մասին

Գրիգոր Մինասյանը գերմանացի գործընկերներին տեղեկացրել է նոր Սահմանադրության նախագծման աշխատանքների մասին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԳԴՀ-ում Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը:
 
Գրիգոր Մինասյանը ողջունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպին։ Նա բարձր է գնահատել իրավական ոլորտում ԳԴՀ հետ սերտ համագործակցությունը, որն իրականացվում է, մասնավորապես, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերի միջոցով։
 
Գրիգոր Մինասյանը գործընկերներին տեղեկացրել է նոր Սահմանադրության նախագծման աշխատանքների մասին՝ կարևորելով գերմանական փորձառությունն այս ոլորտում։
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին։ Կողմերը մասնավորապես քննարկել են բարեփոխումների օրակարգի և ժողովրդավարական ինստիտուտների կայացման հանրային ընկալմանն առնչվող հարցերը։ Այս առումով Գրիգոր Մինասյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման և հակազդման իրավական ու ինստիտուցիոնալ հենքը՝ անդրադառնալով եռաստիճան դատական համակարգին, հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և գործունեության շրջանակին։ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ 2023 թվականին ընդունվել է 2023-2026 թթ. Հակակառոպուպցիոն նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որը մշակվել է շահագրգիռ բոլոր կողմերի, ներառյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ։
 
Քննարկվել են նաև գերմանական մոդելի վրա հիմնված նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքները։
 
Բունդեսթագի Գործընկերները հետաքրքրվել են նաև Հայաստանում կալանքի ինստիտուտի և դրա կարգավորումների մանրամասներով, ինչպես նաև խափանման նոր միջոցների՝ մասնավորապես տնային կալանքի ու վարչական հսկողության կիրառման ինստիտուտներով։ Այս համատեքստում նախարարը, ներկայացնելով գործող օրենսդրական դաշտը, կարևորել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պրակտիկան՝ նշելով, որ արդեն իսկ շուրջ 700 անձի նկատմամբ կիրառվում են տնային կալանք կամ վարչական հսկողություն խափանման միջոցները։
 
Կողմերը քննարկել են նաև դատական համայնքի գործունեության արդյունավետության բարձրացման և թվայնացման օրակարգերը։ Նախարարն անդրադարձել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ արդարադատության համակարգում մշակված և մշակվող տասից ավելի էլեկտրոնային հարթակներին, այդ թվում 2024 թվականի փետրվարի 1-ից լիովին թվայնացված քաղաքացիական դատավարության, թվայնացված պրտադիր հաշտարարման և վճարման կարգադրությունների մեխանիզմներին։
 
Տիկին Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը շնորհակալություն է հայտնել հանդիպման և մանրամասն ներկայացված տեղեկատվության համար։ Նա բարձր է գնահատել Հայաստանում, որպես զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրում, Արդարադատության նախարարության նախաձեռնած բարեփոխումները և վերջինիս դերակատարումը՝ որպես քաղաքացիների համար իրենց իրավունքներն իրացնելու առաջնային գերատեսչության։
 
Վինկելմայեր-Բեքերն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների և արդիականացման նախագծերը՝ մասնավորապես արդարադատության համակարգի թվայնացման ծրագրերը, կարող են նույնիսկ օրինակելի լինել եվրոպական շատ երկրների համար։
 
Ամփոփելով քննարկումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու ԳԴՀ Բունդեսթագի և ՀՀ արդարադատության նախարարության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները և շարունակելու ըստ անհրաժեշտության տեղեկատվության փոխանակությունը։

  • Կիսվել: