կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Գլխավոր դատախազին կլիազորվի քրեական վարույթով նախաքննության շարունակությունը հանձնարարել մեկ այլ մարմնի. նախագիծ

Գլխավոր դատախազին կլիազորվի քրեական վարույթով նախաքննության շարունակությունը հանձնարարել մեկ այլ մարմնի. նախագիծ

Առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին լիազորել, որպեսզի վերջինս նախաքննության մեկ մարմնի՝ քննիչի կողմից իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարի մեկ այլ մարմնի: Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացման նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:

Ըստ նախագծի հեղինակի՝ առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 նոր մասով, որը ձևակերպվում է այսպես. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ և համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաև իր որոշմամբ փոխել քրեական վարույթի` սույն օրենսգրքով նախատեսված քննչական ենթակայության կանոնները, եթե քրեական վարույթը փաստական հանգամանքներով կապված է նախաքննության մեկ այլ մարմնի վարույթում քննվող քրեական վարույթի հետ կամ քրեական վարույթը նախաձեռնվել է նախաքննական մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ՝ այլ քննչական մարմնին ենթակա հանցագործության հատկանիշներով, սակայն փաստական հանգամանքներով կապված է վարույթը նախաձեռնած քննիչին ենթակա վարույթի հետ կամ նույն հիմքով միացված է այդ վարույթին»:

Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը պարզաբանեց. «Փոփոխությունը միտված է նրան, որ գլխավոր դատախազի լիազորությունները փոքր-ինչ ավելացվեն և հստակեցվեն, թե ինչ ուղղությամբ և ինչպես կարող է գլխավոր դատախազը վարույթը փոխանցել մեկ քննող մարմնից մեկ ուրիշին:

Այս կարգավորումը միտված է նրան, որպեսզի երկարատև քննություն անցկացրած քրեական վարույթներով հնարավոր չլինի կամ անհրաժեշտություն չառաջանա, որ ևս մեկ անգամ ծագած այլ խնդիրների արդյունքում կամ այլ քննչական մարմնի վարույթում տեղափոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված քննության համակողմանիությունը վտանգվի»:

  • Կիսվել: