շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գլխավոր դատախազի տեղակալը համաձայն չէ ՍԴ որոշման հետ

Գլխավոր դատախազի տեղակալը համաձայն չէ ՍԴ որոշման հետ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պնդում է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների վերաբերյալ դատախազության դիրքորոշումները քաղաքական չեն։

«Մենք դեպքեր ունենք, երբ անձին նույնիսկ կարող է ձերբակալեն թմրամիջոց պահելու համար, ինքը, որպեսզի պաշտպանության միջոց ընտրի, հայտարարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում կա, քանի որ հարում է ինչ-որ քաղաքական ուժի։ Ոչ, դիրքորոշումները քաղաքական չեն», - լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Դատախազն ընդգծեց՝ ճիշտ չէ կայացված որոշումների մեջ, երբ որ դրանք ձեռնտու են կամ իրենց դիրքորոշումներին համապատասխան են, ընդ որում, և՛ իրենց, և՛ դատարանների, արձանագրել, որ դատարանը շատ լավն է, հենց դիրքորոշումը չի համապատասխանում իրենց դիրքորոշումներին, արձանագրել, որ որոշումը քաղաքական էր։

Գևորգ Բաղդասարյանը համաձայն չէ այն պնդման հետ, թե ՍԴ որոշումով չհաստատվեցին դատախազության դիրքորոշումները։

«Հայտարարությունները, որ Սահմանադրական դատարանը հերքեց դատախազության մոտեցումը, ճիշտ չէ։ Սահմանադրության մեջ քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու իրավիճակները լրիվ միատեսակ կարգավորման են ենթարկված, այսինքն՝ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու համար պետք է Ազգային ժողովի համաձայնություն ու, եթե հիշում եք, մենք պնդել ենք, որ դա վերաբերում է հետապնդում հարուցելուն ու ազատությունից զրկելուն ու չի վերաբերում հետապնդումը շարունակելուն ու ազատությունից զրկելը շարունակելուն։ ՍԴ-ն հարցի մի մասով արձանագրել է, որ այդպես է, իսկ ազատությունից զրկելու մասով ասում է, որ այդպես չէ. շարունակելու համար պետք է լինի համաձայնություն», - հայտարարեց Գլխավոր դատախազի տեղակալը։

Բաղդասարյանի խոսքով՝ այս իրավական վեճի մեջ տեսնել քաղաքական որևէ կոնտեքստ, բարոյական չէ։

«Եթե քաղաքական էր, ինչո՞ւ է ՍԴ-ն մեր ասածի առնվազն 50 տոկոսի հետ համաձայնվել ու, եթե քաղաքական էր, ես ինչո՞ւ եմ հիմա կարողանում ասել, որ Սահմանադրության մեջ երկու իրավիճակները գրված են նույնական կարգավորմամբ, ստացել են տարբերակված մեկնաբանություն, մեզ համար դա հասկանալի չէր, դատախազության մեկնաբանությունը դրան է վերաբերել», - նշեց նա։

Բաղդասարյանն ընդգծեց՝ ուղիղ ասում է՝ համաձայն չեն Սահմանդարական դատարանի որոշման հետ, քանի որ դրանում տեսնում են սահմանադրի կամքի փոփոխման վտանգ, անկանխատեսելի իրավամեկնաբնության վտանգ։

  • Կիսվել: