կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գլխավոր դատախազի տեղակալը համաձայն չէ դատավորների հնչեցրած գնահատականների հետ

Գլխավոր դատախազի տեղակալը համաձայն չէ դատավորների հնչեցրած գնահատականների հետ

Համաձայն չեմ դատավորների հնչեցրած գնահատականների հետ․ այս մասին այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դատական նիստից հետո,  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյան 93 դատավորների համատեղ հայտարարության տեքստում նշած դիտարկմանը, թե հետապնդում է իրականացվում դատավորների նկատմամբ։

«Մի անձնական կարծիք հայտնեմ։ Յուրաքանչյուրի անկախությունն իր մեջ է։ Եվ ես ցավում եմ, որ ցանկացած պաշտոնատար անձ, ով պետք է անկախ լինի, ինքն արձանագրում է, որ ինքն անկախ չէ, կամ համակարգն անկախ չէ։ Դատական համակարգը անկախ լինում է անկախ դատավորներով»,- ասաց Գլխավոր դատախազի տեղակալը՝ նշելով, որ ինքը հայտարարության տեքստը չի կարդացել։

«Ինչ վերաբերում է Բորիս Բախշիյանի դատական գործին, ապա դրա հետ կապված հայտարարությունները ճիշտ չեն։ Բացատրեմ՝ ինչու ճիշտ չեն։ Դեռ այն փուլում, երբ որևէ տվյալ չեն հրապարակվել Բորիս Բախշիյանի գործի վերաբերյալ և որևէ մեկը չգիտեր, թե ինչին է վերաբերում այն, և դատավորների կողմից, և մասնագիտական կառույցների կողմից մտահոգությունների տեսքով հրապարակումներ եղան, որոնք սկսեցին գործընթացը կապել այլ հանգամանքների հետ»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ այդ դատողությունները օբյեկտիվ լինել չեն կարող։

 

  • Կիսվել: