երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Գերբեռնված բեռնատարների ելքը կշռման հենակետով թույլ տալու համար կաշառք ստացած 12 անձանց գործերը ուղարկվել են դատարան. Դատախազություն

Գերբեռնված բեռնատարների ելքը կշռման հենակետով թույլ տալու համար կաշառք ստացած 12 անձանց գործերը ուղարկվել են դատարան. Դատախազություն

Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով պարզվել է.

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի փորձագետը, 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ն.Մ.-ի օժանդակությամբ 5 անձից ստացել է կաշառք՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու նպատակով: Մասնավորապես՝ փորձագետը, լինելով Սիսիան համայնքի գյուղերից մեկի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի հերթափոխում, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների 5 վարորդներից ստացել է մանր չափի կաշառք և թույլատրել նրանց ելքը՝ անցակետով:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ այլ աշխատակից 2023 թվականի փետրվարի 23-ին վերոնշյալ տեսչական մարմնի գլխավոր մասնագետի հետ ընդգրկված է եղել Սիսիան համայնքի գյուղերից մեկի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի հերթափոխում: Նույն օրը կշռել է քաղաքացի Կ.Մ.-ի վարած ավտոմեքենան և պարզել, որ դրա երկրորդ սռնու բեռնվածությունը կազմել է 11․930 կիլոգրամ (սռնու վրա ընկած բեռնվածքի թույլատրելի զանգվածը 430 կիլոգրամով ավելի է եղել): Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց՝ վարորդից պահանջել է երկու բլոկ ծխախոտ, ինչին վարորդը համաձայնել է: Նույն թվականի մարտի 15-ին Մեղրիից Երևան երթևեկող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց, կաշառք ստանալու պատրվակով, պահանջել է հերթական անգամ ՀՀ գալուց իր համար բերել 5 տարա դիզելային վառելիք, ծխախոտ և 2 կիլոգրամ արևածաղկի սերմ: Կշռելով վերոնշյալ վարորդի վարած տրանսպորտային միջոցը՝ պարզել է, որ դրա ընդհանուր զանգվածը թույլատրելի 40․000 կիլոգրամից ավելի է 2․150 կիլոգրամով, այդ մասին հայտնել է վարորդին և վստահեցրել, որ իր կողմից այդ փաստը չի արձանագրվի: Մինչդեռ, փաստն արձանագրվել է գործընկերոջ կողմից, կազմվել է իրավախախտում թույլ տալու մասին արձանագրություն:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի ոստիկանը, ունենալով վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման պարտականություն, ընդգրկված լինելով նույն գյուղի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի վերակարգում, 2023 թվականի փետրվարի 20-ին գերբեռնված երեք ավտոմեքենաների վարորդներին թույլ է տվել առանց կշռման կետ մտնելու՝ շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ. մի քանի օր անց՝ վարորդներից մեկից ստացել է մանր չափի կաշառք:

Ճանապարհային ոստիկանության ծառայողներից մեկը, 2023 թվականի հունվարի 20-ին ընդգրկված լինելով վերոնշյալ հենակետի տարածքում իրականացվող շուրջօրյա ծառայությունում, տեղեկանալով, որ գերբեռնված բեռնատարներից մեկը  երթևեկում է Կապանից Երևան ուղղությամբ,  ծանրաքաշ մեքենաների կշռման տեսչական մարմնի կետ չմտնելու և կշռման արդյունքում  վարչական իրավախախտումը չբացահայտելու նպատակով, վարորդից ստացել է մանր չափի կաշառք և  թույլատրել վերջինիս՝ առանց կշռման կետ մտնելու՝ շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ: Միաժամանակ, ՃՈ ծառայողը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի անշարժ հենակետի՝ 2023 թվականի հունվարի 20-ի հերթափոխում ընդգրկված փորձագետին, համոզելու եղանակով դրդել է չկատարել ծառայողական պարտականությունը՝ չկազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 12 անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելու համար:

  • Կիսվել: