հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի պարեկները սառը զենքեր են հայտնաբերել

Գեղարքունիքի մարզի պարեկները սառը զենքեր են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները, արտաքին լուսային սարքերը սահմանված ռեժիմով չաշխատելու պատճառով, կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի մեքենա: Պարեկների պահանջով վարդենիսցի 19-ամյա վարորդը բեռնախցիկի տեսանելի հատվածից ներկայացրել է մահակ, իսկ պահոցից՝ դանակ՝ 25 սմ երկարության, շեղբի երկարությունը՝ 13 սմ:

 

Վարորդը պարզաբանման համար տարվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Սառը զենքի հայտնաբերման հաջորդ դեպքը մարտի 30-ի ուշ երեկոյան գրանցվեց:

 

Գեղարքունիքի մարզի պարեկները Վարդենիս քաղաքի եկեղեցու բակում ծառայություն կատարելիս 18-ամյա մի երիտասարդի մոտ նկատել են կռփազենք: Նա տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և դանակ՝ ընդհանուր երկարությունը 17 սմ, շեղբի երկարությունը՝ 9 սմ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: