երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գավառի մանկատանը պատկանող զբոսայգում կառուցված շենք-շինությունների նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գավառի մանկատանը պատկանող զբոսայգում կառուցված շենք-շինությունների նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գլխավոր դատախազությունում 2022 թվականին, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող զբոսայգու տարածքից հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու, շենք-շինությունների նկատմամբ կառուցապատողի օգտագործման և տիրապետման իրավունքը գրանցելու կադաստրային գործը:

«Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունը:

Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե. 2022 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին):

Քրեական վարույթով պարզվել է, որ 2011 թվականի մայիսի 13-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և վերջինիս ազգական Լ.Հ.-ի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր՝ նոտարական վավերացմամբ, որով Լ.Հ.-ին վարձակալության է տրամադրվել «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող զբոսայգու հարավարևմտյան մասում գտնվող՝ 500 քմ ընդհանուր մակերեսով տարածքը՝ մանկական սրճարան կառուցելու նպատակով:

2011 թվականի մայիսի 19-ին Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է Լ.Հ.-ի վարձակալության իրավունքը՝ 750 քմ մակերեսով տարածքի նկատմամբ: 2015 թվականի հուլիսի 7-ին վարձակալության պայմանագրով՝ վարձակալության իրավունքով, նույն անձին է տրամադրվել 700 քմ մակերեսով տարածքը: 2020 թվականի օգոստոսի 11-ին գրանցվել է Լ.Հ.-ի կողմից կառուցապատման իրավունքը հողամասի՝ 0.0575 հա մակերեսով տարածքի նկատմամբ, իսկ շենք-շինությունների նկատմամբ գրանցվել է կառուցապատողի օգտագործման և տիրապետման իրավունքը:

Քրեական վարույթով պարզվել է, որ վարձակալած անձը գույքն օգտագործել է պայմանագրի պայմաններին անհամապատասխան. չի օգտագործել որպես մանկական սրճարան (տարածքի զննությամբ հայտնաբերվել են գարեջրի գովազդային պաստառներ, սեղաններին՝ մոխրամաններ):

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում այցելել էր նաև Գավառի մանկատուն և մարզի դատախազ Գագիկ Այվազյանին մի շարք հանձնարարականներ տվել վերոնշյալ խնդրի վերաբերյալ:

Գեղարքունիքի մարզի դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել հողամասերի նկատմամբ Լ.Հ.-ի իրավունքների պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, իսկ շենք-շինությունների նկատմամբ՝ ՀՀ սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ:

Միջնորդագրի արդյունքում՝ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցվել է, իսկ շենք- շինությունների նկատմամբ 2024 թվականի ապրիլի 1-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: