երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է ՔԿ-ում․ ինչ է հայտնի քաղաքացուն ենթադրյալ սպառնալու գործից (տեսանյութ)

Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է ՔԿ-ում․ ինչ է հայտնի քաղաքացուն ենթադրյալ սպառնալու գործից (տեսանյութ)

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քաղաքացուն սպառնալու կասկածանքով հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ Հարցաքննության մասին տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը։

Հիշեցնենք՝ 2024 թվականի մարտին տեղեկություն տարածվեց, որ Գագիկ Բեգլարյանը սպառնացել է իր շքեղ առանձնատան հարևանությամբ բնակելի շենքեր կառուցող ընկերության տնօրենին՝ որպես պատճառ նշելով, թե կառուցվող շենքից դեպի իր առանձնատան տարածք տեսարան է բացվում, որտեղից երևում է իր տան անցուդարձը։ Բեգլարյանի առանձնատունը գտնվում է Երևանի Ազատության պողոտայում։ Հարևանությամբ կառուցապատում է իրականացնում «Կապիտալ պլյուս» ՍՊԸ-ն։

Ընկերության տնօրենը Factor TV-ի հետ զրույցում հաստատել էր սպառնալիքներ ստանալու վերաբերյալ տեղեկությունները, իսկ ընկերության անունից հետևյալ հաղորդագրությունն էր տարածվել․ «Բեգլարյան Գագիկը երկու տղամարդու հետ ինձ հրավիրեցին իրենց տան բակ, ցույց տվեց մեր շենքերն ու ասաց՝ ձեր վերջին հարկը նայում է իմ բակին, բայց իր տարածքն այնքան մեծ է, որ հարակից բոլոր կառույցները նայում են իր բակ: Հետո սկսեց հայհոյանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ՝ կվերացնեմ և այն: Բանը կարող էր ծեծկռտուքի հասնել, բայց չհասավ: Ես Հայաստանից դուրս գտնվող գործընկեր ունեմ, ասաց՝ նրան այնտեղ կգտնեմ, քեզ՝ այստեղ: Դիմեցի իրավապահներին, ոչ թե որ վախենում եմ, այլ սկզբունքի հարց է: Պետությունը պետք է մեխանիզմներ ունենա իրենց կարգի հրավիրելու, մենք մեզ ոչ պատշաճ վարք թույլ չենք տվել որևէ մեկի հանդեպ, հետևաբար նման ոտնձգություն չենք հանդուրժի»:

Քննչական կոմիտեից այսօր Factor TV-ին փոխանցեցին, որ դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա 2024 թվականի ապրիլի 5-ին Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ի՞նչ է ենթադրում հոդվածը, որով նախաձեռնվել է քրեական վարույթը։

«Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: